Արմինֆո.Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն էր ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և ապահովել էներգախնայողություն՝ շուրջ 90 բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման և տանիքներին արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրելու միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն 250 հազար եվրո է, որից 1 մլն եվրոն Եվրոպական Միության դրամաշնորհն է, իսկ 250 հազար եվրոն՝ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018-2019 թվականների ընթացքում, որի արդյունքում կապահովվի տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, շքամուտքերում, բակային տարածքներում կտեղադրվեն LED լուսատուներ, իսկ էներգախնայողության միջոցառումներից և վերականգնվող էներգիայի կիրառումից արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 844 տոննա CO2: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու անդամները քննարկել և հաստատել են Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը: Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 125 մլն դոլար ծավալի ֆինանսական մեխանիզմը 2007 թվականին գործարկված Կովկասի էներգախնայողության ծրագրի մի մասն է, որի նպատակը մասնավոր հատվածին և տների սեփականատերերին ֆինանսական աջակցությունն է էներգատարողության նվազեցման և էներգիայի վերականգնվող աղբյուրների ավելի լայն օգտագործման քարոզման գործում: ՎԶԵԲ կողմից ֆինանսավորվող ծրագիրն ամրապնդված է Եվրամիության հարևանության ներդրումների հիմնադրամի միջոցներից դրամաշնորհով և իրագործվում է Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարության տեխնիկական աջակցությամբ: Վերջին 3 տարում ֆինանսական այդ գործիքի միջոցով շուրջ 15 մլն եվրո է տրամադրվել Հայաստանի ավելի քան 9 հազար տնային տնտեսությունների և 17 կազմակերպությունների: Դա թույլ է տվել տնտեսել շուրջ 128 ԳՎտ էներգիա, ինչը հավասար է 10 հազար տնային տնտեսությունների էներգիայի տարեկան սպառմանը, և 23 հազար տոննայով կրճատել CO2 արտանետումները մթնոլորտ: