Արմինֆո. Տնտեսական աճի ներկա տեմպերի պահպանման դեպքում 2022 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ -ն կկազմի շուրջ 15-16 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումը ներկայիս 2,242 մլրդ դոլարից կհասնի մինչև 6-7 մլրդ դոլարի, իսկ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով կավելանա մոտ 1,5 անգամ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մակարյանի ասելով, 2017 թիվը բավականին հաջող էր Հայաստանի տնտեսական զարգացման առումով. դրվել են հետագա աճի հիմքերը: Մասնավորապես, անցած
տարին նշանավորվել է արդյունաբերական հատվածի ակտիվ աճով: Հատկապես աչքի են ընկել արտադրության ոլորտը և շինանյութերի արտահանումը, հրուշակագործությունը, տրիկոտաժի և հագուստի արտադրությունը, գյուղատնտեսության ոլորտը: Բացի այդ, բավականին ինտենսիվ է զարգացել ոգելից խմիչքների արտահանումը ՌԴ: Եթե նախկինում արտահանման մեծ ներուժ ուներ միայն կոնյակի արտադրությունը, ապա վերջին ժամանակներս Ռուսաստանի շուկայում մեծ պահանջարկ են վայելում նաև գինին և մրգահյութերը: Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրի տեմպերն աճել են մինչև 6,5 մլրդ դոլար, ընդ որում, արտահանումն ավելացել է 25,2%-ով, մինչև 2,242 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 27,8%-ով, մինչև 4,182 մլրդ դոլար: «Եթե ավելի վաղ մենք իշխանությունների տնտեսական քաղաքականությունը քննադատում էինք այն բանի համար, որ արտահանումը կազմում էր ողջ ներմուծման մեկ երրորդը կամ մեկ քառորդը, ապա այսօր հասել ենք 54% ցուցանիշի՚, - նշել է Մակարյանը: Այդպիսով, ինչպես կարծում է Միության ղեկավարը, ըստ էության, կարելի է վստահել վիճակագրական տվյալներին, որոնք պնդում են 2017 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության 7,7% մակարդակի մասին:
Միևնույն ժամանակ, Միության ղեկավարն էական տեղաշարժ չի տեսնում սոցիալական խնդիրների կարգավորման ոլորտում: Աղքատության մակարդակը դեռևս պահպանվում է 29,4%-ի մակարդակում, որից 1,9% ծայրահեղ աղքատ բնակչությունն է: «Դա նշանակում է, որ այդ ցուցանիշով Հայաստանն ամենավատ վիճակում է տարածաշրջանում՚, - նշել է նա: Ինչպես կարծում է Մակարյանը, իրավիճակի բարելավման դինամիկա նկատելի է նախորդ տարի արձանագրված աճի տեմպերի պահպանման պայմանով:
Հիշեցնենք, որ Հայայստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականի արդյունքներով տնտեսական ակտիվությունը կազմել է 7,7%, 2016 թվականին` 2015 թվի 3,1%-ից մինչև 0,5% դանդաղման դիմաց: Որպես դրայվեր հանդես են գալիս առևտուրը, ծառայությունների ոլորտը և արդյունաբերության հատվածը: Միայն 2017թ. դեկտեմբերին արձանագրվել է 21,8% աճ` 12,6% տարեկան աճի պայմաններում, մինչդեռ մեկ տարի առաջ դեկտեմբերի աճն ավելի համեստ էր` 17,9%` 0,1% բացասական տարեկան դինամիկայի պայմաններում: 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճն ապահովել են ծառայությունների ոլորտը` տարեկան 14,4%, առևտուրը` 14% և արդյունաբերության հատվածը` 12,6%` մեկ տարվա վաղեմության, համապատասխանաբար, 7,1%, 0,1% և 6,7% աճի դիմաց: Համեմատաբար համեստ աճ են ապահովել նաև էներգահամալիրը և շինարարական հատվածը`6,1% և 2,2%, որոնք մեկ տարի առաջ արձանագրել էին 6,2% և 10,8% անկում: Այդ ֆոնին ագրոհատվածը, որտեղ պահպանվել է անկումը, ընդամենը դանդաղեցրել է տեմպերը 2016թ. 5,2%-ից մինչև 3%: 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 3,9%-ով, 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ` 3,2%-ով, իսկ միայն 2018թ. դեկտեմբերին` 0,8%-ով, 2016 թվականի, համապատասխանաբար, 1,5%-ի, 7%-ի և 0,7%-ի դիմաց: Ամսվա կտրվածքով (2017թ. դեկտեմբերին) բոլոր ոլորտներն աճ են արձանագրել. շինարարության հատվածը` 83,4%, առևտուրը` 35,1%, էներգահամալիրը` 32,2%, ագրոհատվածը` 11,1%, արդյունաբերության հատվածը` 10,2%, ծառայությունների ոլորտը` 10,1%: Մեկ տարի առաջ, 2016 թվականի դեկտեմբերին անկում է ապրել միայն ագրոհատվածը` 11,4%, մնացած ճյուղերն ապահովել են աճ. շինարարության հատվածը` 77,6%, առևտուրը` 46,4%, էներգահամալիրը` 12,4%, ծառայությունների ոլորտը`10,9% և արդյունաբերությունը` 6,4%. Մինչդեռ Հայաստանի ֆինանսների նախարարությունն ակնկալում է 6,7-7,4% ՀՆԱ աճ: