Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2018 15:04
Կարինա Մելիքյան

Կոնվերս Բանկն սկսել է պետական ծրագրով սուբսիդավորել գյուղվարկերը

Կոնվերս Բանկն սկսել է պետական ծրագրով սուբսիդավորել գյուղվարկերը

Արմինֆո. Կոնվերս Բանկը  սկսել  է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, փետրվարի 7-ին այս նպատակով  հուշագրեր են կնքվել Գյուղնախարարության և Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի հետ:

 

«Հայաստանում ՓՄՁ՝  այդ թվում գյուղատնտեսության ֆինանսավորումը, Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից է: Այս համագործակցությունը Կոնվերս Բանկին հնարավորություն է  տալիս ընդլայնել  առաջարկվող  պրոդուկտների ցանկը և  ֆինանսավորումը հնարավորինս հասանելի դարձնել  շահառուներին : Մասնավորապես,  համագործակցության շրջանակներում Բանկի  գործող և նոր հաճախորդները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման,  ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար կարող են վարկեր ստանալ՝ տարեկան մինչև 5 % տոկոսադրույքով»,-  ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ  բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ հավելելով, որ վարկատեսակները արդեն հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում:

 

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, գյուղատնտեսական վարկերի ծավալը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 155 մլրդ դրամ (320 մլն դոլար): Գյուղատնտեսական վարկերի ընդհանուր ծավալներում Կոնվերս Բանկի մասնաբաժինը կազմել է 4,5% կամ 7.012 մլրդ դրամ, տարեկան աճը`51.7%:

 

Նշենք, որ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մասին համագործակցության հուշագիրը գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրրել են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ինեկոբանկը, Արմսվիսբանկը և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային ընկերությունը:

 

Հիշեցնենք, որ գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է  պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: