Արմինֆո. Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ մասնակցել է կարևոր մի քանի պաշտոնական և գործարար հանդիպումների:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ՏՀՏ ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու նվաճումները, ինչպես նաև` գործարար և ներդրումային գրավչությունը: Քննարկվել են երկրների միջև ազգային թվային օրակարգերի ներդրման գործում փորձի և գիտելիքի ակտիվ փոխանակման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման շուրջ համագործակցության հնարավորությունները:
Արման Խաչատրյանը երկկողմանի ձևաչափով հանդիպել է նաև Հնդկաստանի Իրավունքի, արդարադատության և ՏՏ նախարար Ռավի Պրասադի, Բանգլադեշի ՏՏ նախարար Զունաիդ Պալակի, Հնդկաստանի Տելանգանա նահանգի ՏՏ նախարար Տարակա Ռաոյի, Շվեդիայի Կրթության և գիտության պետական քարտուղար Կարին Ռոդինգի և «Ադոբ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանտանու Նարեյնայի հետ: Վերջիններիս փոխանցվել է հրավեր՝ այցելելու 2019 թ.-ին Հայաստանում նախատեսված ՏՏ համաշխարհային համաժողովին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Հայաստան գործարար այցերի կազմակերպման շուրջ:
ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի ՏՀՏ ոլորտի բարձր՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար» մրցանակին:
«WCIT՚-ը տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ` շուրջ 100 երկրներից։ Այս տարվա մասնակցության փորձն օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ 2010-ից մինչև 2016 թվականը ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում ավելացել է 5 անգամ, մինչև 510 մլն.դոլար, իսկ ընկերությունների թիվը եռապատկվել է: Ինչպես հայտարարել էր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը Emerging Europe-ի հետ հարցազրույցում, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ունի աճի մեծ ներուժ, և այժմ կանգնած է թանկարժեք տեխնոլոգիական լուծումներ մշակելու խնդրի առջև, ինչը հնարավորություն կտա ստեղծել բարձր հավելյալ արժեք: «Հաճախորդներին տրամադրվող նպատակային լուծումների արդյունավետության բարձրացումը մեր առաջիկա տարիներին հիմնական ռազմավարությունը պետք է դառնա», - ասել էր նախարարը: Սակայն, ըստ նրա, դա այնքան էլ հեշտ խնդիր չէ, քանի որ Հայաստանի ՏՏ ընկերությունների հասույթի 70% -ը գալիս է գլոբալ շուկայի սպասարկման ծառայություններից: