Հինգշաբթի, 22 Փետրվարի 2018 15:52
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ նախագահը փետրվարի 22-24-ը կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) կառավարիչների նիստին

ԿԲ նախագահը փետրվարի 22-24-ը կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) կառավարիչների նիստին

Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ, որտեղ փետրվարի 22-24-ը մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվելու են BSTDB գործունեությանն առնչվող հարցեր: 

 

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Սևծովյան առևտրի և զարգացման բանկի անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

Նշենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության տասնմեկ անդամ երկրների կողմից: ՍԱԶԲ հիմնադիրներն են Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան: ՍԱԶԲ-ը գործունեություն է ծավալում 1999 թ.-ից: Բանկը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` անդամ երկրներում իրականացնելով առևտրի և նախագծերի ֆինանսավորում,  երաշխիքների տրամադրում, ինչպես նաև ներդրումներ կատարելով մասնավոր ձեռնարկություններում և պետական նախագծերում:  ՍԱԶԲ-ը ստացել է «A-» վարկանիշ «Ստանդարդ ընդ Փուրս» և «A2» վարկանիշ  «Մուդիս» գործակալության կողմից:-