Արմինֆո. Ամերիաբանկը SYMBIOTICS SA (Շվեյցարիա) и MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A. (Լյուքսեմբուրգ) ֆինանսական կազմակերպությունների հետ կնքել է 11.5 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկային պայմանագիր, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով: Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, հետագայում հետագայում ֆինանսավորման գումարը ևս 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել ի դեմս Սիմբիոտիքսի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»: Վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
Սիմբիոտիքսի ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերն ասաց. «Մենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմքը դնել այնպիսի հեղինակավոր և նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է: Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակներում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Ամերիաբանկը ՓՄՁ-ների վարկավորման 84.7 մլրդ դրամ ծավալով ընդգրկված է առաջատարների եռյակում, TOP-3-ով, տարեկան աճը` 8.5%: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ-ի վարկերը կազմում են 18%, իսկ համակարգի ՓՄՁ-ների վարկերի ընդհանուր ծավալում Ամերիաբանկի մասնաբաժինը կազմում է 13%:
«Սիմբիոտիքս» ներդրումային կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ. Ժնևում: Մասնագիտանում է զարգացող երկրների և կայուն զարգացման ֆինանսավորման, ինչպես նաև ներառական ֆինանսավորում տրամադրելու մեջ: Ընկերությունը նաև տրամադրում է շուկայի ուսումնասիրության, ներդրումային խորհրդատվության և ակտիվների կառավարման ծառայություններ: Որպես կոլեկտիվ ներդրումային սխեմաների շրջանակներում ակտիվների կառավարիչ՝ ենթարկվում է Շվեյցարիայի ֆինանսական շուկաները կարգավորող մարմնի կանոնակարգերին և ունի FCA (Financial Conduct Authority, Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկաները կարգավորող մարմինը) լիցենզիա: Սիմբիոտիքսն ունի ավելի քան 130 արհեստավարժ մասնագետից բաղկացած անձնակազմ և գրասենյակներ Լոնդոնում, Ամստերդամում, Ցյուրիխում, Քեյփթաունում, Մեխիկոյում և Սինգապուրում: Գլխամասը տեղակայված է Ժնևում: Իր հիմնադրման օրից ի վեր Սիմբիոտիքսն ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել միկրոֆինանսավորում տրամադրող շուրջ 375 կազմակերպությունում 68 զարգացող երկրում՝ համագործակցելով 44 ներդրումային հիմնադրամների և բազում ինստիտուցիոնալ ներդրողների հետ:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: