Արմինֆո.Ռուսական և վրացական կողմերը պայմանավորվել են ընդլայնել Վերին Լարսի տրանսպորտային հատվածը և արդիականացնել անցակետերը: Մարտի 6-ին ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողներին այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա շեշտել է, որ շինարարությունը կսկսվի այս տարի, իսկ այս տարվա վերջին կավարտվեն անցակետերի արդիականացման աշխատանքները: Անդրադառնալով թունելի շինարարությանը, նախարարը նշել է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն մի փոքր ավելի ուշ:
Խոսելով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհների մասին, Վ.Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանին խնդրել է փնտրել լրացուցիչ ուղղություններ: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը ինքնին ակտիվորեն փնտրում է բեռնափոխադրումների իրականացման այլընտրանքային ուղիներ: Այս համատեքստում նախարարը նշել է լաստանավային ուղղությունները, որոնք, ըստ նրա, այսօր հաջողությամբ են աշխատում: Մասնավորապես, նա ընդգծել է, որ Հայաստանից բեռների մեծ մասն իրականացվում է լաստանավային հաղորդակցություններով:
Ինչ վերաբերում է Հյուսիսային Օսիայի և Աբխազիայի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծման հնարավորությանը, նախարարն ընդգծել է. «Այսօր այս թեման ուշադրության կենտրոնում է, բայց կրկին նշեմ, որ այս հարցը կարելի է լուծել միայն ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակներում»:
Հիշեցնենք, որ 1990-ականների սկզբից Վերին Լարսի անցակետը միակ ճանապարհն է, որն ապահովում է Հայաստանի կապը Ռուսաստանի հետ: Այն պարբերաբար փակվում է եղնակային պատճառներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 26-ին կառավարության նիստում խոսեց «Վերին Լարս» ճանապարհին այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության մասին: Որպես այլընտրանք կարող են ծառայել Վրաստանն ու Ռուսաստանն իրար հետ կապող ուղնիները, Օսիայի և Աբխազիայի տարածքներով: