Արմինֆո. «Բաց երկնքի» քաղաքականության իրականացումը հանգեցրել է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից թռիչքների հաճախականության ավելացման: Այդ մասին
Հայ-Ռուսական համալսարանում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՌՀ շրջանավարտ Սերգեյ Ավետիսյանը։
Նրա խոսքով, «Բաց երկնքի» քաղաքականություն որդեգրելու արդյունքում այսօր Հայաստանում օրական իրականացվում է 25-30 չվերթ։ Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017թ.-ին կազմել է 2 միլիոն 553 հազար 914 մարդ, որը 20.6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։ «Ցավոք, մեր ավիափոխադրումների շուկան դեռևս անհրաժեշտ չափով դիվերսիֆիկացված չէ, որպեսզի մենք ունենանք ավելի շատ ուղիղ չվերթներ աշխարհի տարբեր երկրներ»,- նշել է նա՝ հավելելով, որ բեռնափոխադրումների առումով ևս գրանցվել է զգալի աճ: «Զվարթնոց» օդանավակայանում անցած տարի այն կազմել է 22 հազար 324 տոննա ապրանք, որը 22.1 տոկոսով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը:
ՔԱԳՎ պետն անդրադարձել է նաև 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրին։ «Այդ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հայկական ավիաընկերություններին առանց սահմանափակումների օգտվել Եվրամիության ներքին շուկայից, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություն մեկնել»,- նշել է Ավետիսյանը: