Արմինֆո. 2018թ.-ի մարտի 7-ից «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի 3,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես տեղեկացնում է Բորսայի մամուլի ծառայությունը, ցուցակված արժեթղթերը ներառում են 300,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 8.3% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMNMCCB2IER0) բորսայում կշրջանառվեն NMCCB2I բորսայական հապավմամբ:
Հիշեցնենք, որ նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ս.թ. փետրվարի 23-ին: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,007.82 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.27%, միջին կշռված եկամտաբերությունը` 8.1309%:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող այլ գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երեք թողարկումներ (NMCCB2B և NMCCB2G, NMCCB2H) ցուցակված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կորպորատիվ պարտատոմսերի հիմնական ցուցակում:
Թողարկումները թույլատրվել են սակարկություններին`NMCCB2B – 2014-ի հուլիսի 11-ին, NMCCB2G – 2016-ի նոյեմբերի 23-ին, NMCCB2H – 2016-ի դեկտեմբերի 9-ին և NMCCB2I – 2018-ի մարտի 7-ին: NMCCB2B թողարկման ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ, NMCCB2G - 1.384 մլրդ դրամ, NMCCB2H - 2.127 մլրդ դրամ, NMCCB2I - 3 մլրդ դրամ: Շրջանառության ժամկետները`NMCCB2B - 5 տարի, NMCCB2G, NMCCB2H, NMCCB2I - 3 տարի: Եկամտաբերությունը`NMCCB2B- 12%, NMCCB2G և NMCCB2H- 10%, NMCCB2I- 8.3%: Նշված թողարկումներով արժեկտրոնների վճարումները կատարվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: