Արմինֆո. Լիբանանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը: Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը, մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, և այն պետք է հնարավորինս իրացնել», - ասել է ՀՀ վարչապետը:
Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը: Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առևտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին:
ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի և Լիբանանի տնտեսությունները` ընդգծելով նաև, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի և այն առաջիկա տարիներին պահպանվելու է:
Հայաստանի վարչապետն ասել է նաև, որ այսօր ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են հայ-լիբանանական հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի թե Լիբանանում, թե Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին:
Երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ:
Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է նաև Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ջերմ ողջույնները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական, և դա պայմանավորված է պատմական առնչություններով, լիբանանահայ համայնքի դերակատարությամբ:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զգալիորեն զիջում են տնտեսական կապերը, և պետք է ակտիվ աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լիբանանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և այն ուղղությունները, որոնք հեռանկարային են համարվել տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Կարեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի կողմից դեռևս 2000 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ:
Հայաստանի և Լիբանանի միջև կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցությունը և ակտիվ շփումները՝ հատկապես բարեկամության խմբերի միջև: