Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Քննարկվել է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Հավանության է արժանացել ծրագրի ֆինանսավորող` գերմանական KfW բանկի հետ համատեղ ընտրված «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության հետ իրականացված քննարկումների արդյունքում ձևավորված տեխնիկական առաջադրանքը:
Ըստ տեխնիկական առաջադրանքի` ծրագիրը բաժանվում է փուլերի: Առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման ենթակայանի վերակառուցում, 400կՎ լարման ենթակայանի, ինչպես նաև նոր բարձրավոլտ օդային գծի կառուցում մինչև Հայաստան-Վրաստան պետական սահման: Հաջորդ փուլերով նախատեսվում է 500կՎ ենթակայանի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցում:
Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով նախ կօգտագործվեն արդեն գործող ենթակայանները, որոնց վերակառուցումն ավելի քիչ ծախսատար է, քան նորի կառուցումը:
Միաժամանակ, արդեն առկա ենթակառուցվածքներով էներգետիկ նշանակության հողատարածքի վրա, որը նախատեսված էր նոր ենթակայանի կառուցման համար, կկառուցվի արևային էլեկտրակայան, վերջինիս ծախսերը կկրճատվեն արդեն առկա ենթակառուցվածքների օգտագործման շնորհիվ:
Արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկրճատվի առնվազն 30 տոկոսով: Բացի դրանից կկառուցվի նաև արևային ֆոտովոլտային կայան ծախսերի առնվազն 20 տոկոսի իրական տնտեսումով:
Ընդգծվել է, որ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ավարտից ոչ ուշ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը պետք է իրականացվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի և Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը զուգահեռ:
Մինչդեռ, ինչպես Արմինֆո-ն ավելի վաղ հաղորդել էր, Հայաստան-Վրաստան ԷՀԳ կառուցման նախագծի խորհրդատու "Fichtner GmbH & Co. KG" ընկերությունը նախապատարաստել է գլխավոր կապալառուի ընտրության մրցութային փաթեթ: Նախագիծը նախատեսվում էր իրագործել երեք փուլով: Առաջին երկու փուլերի շրջանակում նախատեսվում էր կառուցել 400 կիլովոլտ լարումով ԷՀԳ և հաստատուն հոսանքի երկու ենթակայան Դդմաշենում և Այրումում, ինչը թույլ կտա սկսել աշխատանքը Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հետ` ասինխրոն ռեժիմով: Մինչ այդ անցկացվել է շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության և սոցիալական ներգործության գնահատում: Այդ աշխատանքը նախատեսվում էր ավարտել մինչև տարեվերջ, ինչից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները: Նախագծի շրջանակում նախատեսվում էր Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորում, ինչը կնպաստի փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը ստեղծվող Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում: Ծրագրի նախնական արժեքը, FICHTNER ընկերության տվյալներով, կկազմի 326, 9 մլն եվրո, որի 10% պետք է լինի Վրաստանի ավանդի մի մասը: Նախագիծն իրագործվելու է մի քանի փուլով: Առաջին փուլում նախատեսվում է Այրումում կառուցել փոխարկիչ ենթակայան և 8 մկ երկարությամբ 500 կիլովոլտանոց օդային գիծ դեպի Վրաստան: Երկրորդ փուլը ներառում է Դդմաշենի մոտ 400 կիլովոլտանոց ենթակայանի կառուցում մեկ տրանսֆորմատորով, ինչպես նաև 400 կիլովոլտանոց օդային գծի անցկացում, ինչը հնարավորություն կընձեռի փոխանակել 350 մեգավատ էլեկտրաէներգիա: Այնուհետև Այրումում կտեղադրվի մոդուլ, իսկ Դդմաշենում` երկրորդ տրանսֆորմատորը` 700 մեգավատ հզորություն ապահովելու նպատակով: Ելնելով շուկայական և տարաշրջանային համագործակցության պահանջներից` եզրափակիչ, երրորդ փուլում կտեղադրվի հաստատուն հոսանքի երկրորդ մոդուլը, ինչը հնարավորություն կընձեռի հզորության ծավալները հասցնել մինչև 1050 մեգավատի: Ծրագրի առաջին երկու փուլերը գնահատվում են 188,2 մլն եվրո: Դրանց ֆինանսավորման աղբյուրնրեն արդեն որոշվել են: Այդ նպատակով 2014-2015 թթ. ստորագրվել է երեք վարկային համաձայնագիր: Մասնավորապես, վարկի տեսքով 168 մլն եվրո հատկացրել է գերմանական KfW բանկը, ևս 10 մլն եվրո վարկ է տրամադրել Եվրոպական ներդրումային բանկը: Ակնկալվում է ևս 10 մլն եվրո դրամաշնորհ Եվրահանձնաժողովից: Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ ռեժիմով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը: Մինչև 2019 թ. վերջը կավարտվի նաև Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումը, ինչը թույլ կտա ստեղծել էներգետիկ միջանցք: