Արմինֆո. Հայաստանում ավիատոմսերի գները կարող են նվազել: Համենայն դեպս, Կառավարությունն ստեղծել է դրա համար անհրաժեշտ իրավական նախադրյալ: Մարտի 15-ի կառավարության նիստում գործադիրն ընդունել է «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, «Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս օդային երթևեկության սպասարկման և օդերևութաբանական պայմանների մասին տվյալների տրամադրման ծառայություններն ավիաընկերություններին մատուցվում են երկու առանձին և ինքնուրույն իրավաբանական անձանց կողմից, ինչն ըստ էության արհեստականորեն երկարացնում և ծանրաբեռնում է ավիաընկերություններին մատուցվող ծառայություների շղթան: Օդային երթևեկության կազմակերպում, կապ, նավիգացիա, դիտարկում և օդերևութաբանական սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն մատուցման գործառույթները մեկ մարմնին վերապահելը կնպաստի կառավարման և ֆինանսական արդյունավետության բարձրացմանը, կապահովի տեխնիկական միջոցների ժամանակին համահունչ զարգացումը, ինչպես նաև թռիչքային անվտանգության միասնական համակարգի կիրառումը:
Ինչպես հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա կիրառելու «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը կձևավորի դրական և կառուցողական փոխհարաբերություններ ավիաընկերությունների հետ: Արդյունքում օդերևութաբանական ծառայությունների սակագինը կներառվի աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ, պահպանելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից ներկայումս սահմանված սակագինը, ինչն իր հերթին կնպաստի օդային փոխադրումների սակագների նվազեցմանը, ինչպես նաև ՀՀ փոքր ավիացիայի շրջանակում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալների ստեղծմանը:
Հիշեցնենք, որ դեռ 2017 թվականի սեպտեմբերին պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` Սերգեյ Ավետիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մշակում է երկրում փոքր ավիացիայի վերածնման հայեցակարգ: Նա նշել էր, որ վարչությունը գույքագրում է իրականացնում խորհրդային տարիներին գործող որոշ տարածաշրջանային օդանավակայաններում, նպատակ ունենալով բացահայտել դրանց իրական վիճակը, գնահատել հնարավոր ներդրումները և արդյունավետության մակարդակը դրանց գործարկման դեպքում: «Մենք գտնում ենք, որ Հայաստանի փոքր ավիացիան ունի ապագա, բայց դրա զարգացման աստիճանը կախված կլինի այդ ծառայությունների շուկայական պահանջարկից», - ընդգծել էր ՔԱԳՎ ղեկավարը:
Նա նշել էր, որ հայեցակարգի պատրաստման բարդությունը կայանում է նրանում, որ փոքր ավիացիայի վերականգնման գործընթացը պետք է սկսվի գրեթե զրոյից: Հետևաբար, նախևառաջ անհրաժեշտ է դրան մոտենալ աշխարհագրական դիրքի տեսանկյունից: «Գյումրիի օդանավակայանն արդեն գործում է, որտեղ արդեն ներդրվել է 2 մլն.դոլար, երկրի հարավ-արևելքում, Կապանում, գտնվող օդանավակայանում արդեն սկսվել են շինարարական աշխատանքները: Զբոսաշրջային պահանջարկ կա Ջերմուկի և Ստեփանավանի օդանավակայանների վերականգնման համար», - ընդգծել էր Ավետիսյանը: Նրա համոզմամբ, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ սխեմաներ կօգտագործվեն փոքր օդանավակայաններում, և ով կլինի այդ շուկայի մասնակից, բայց աշխատանքների մեկնարկին զուգընթաց արդեն զգացվում է նախագծի նկատմամբ որոշակի ներդրումային հետաքրքրություն: Հիշեցնենք, որ նախորդ դարի 80-ական թվականների վերջին Խորհրդային Հայաստանում գործում էր մոտ 26 օդանավակայան և օդակայան: