Հինգշաբթի, 15 Մարտի 2018 19:23
Նաիրա Բադալյան

ՀՀ ՊԵԿ. 2018 թվականի համար նախատեսված հարկային մուտքերի ծավալներն իրատեսական են

ՀՀ ՊԵԿ. 2018 թվականի համար նախատեսված հարկային մուտքերի ծավալներն իրատեսական են

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, քննարկելով 2017թ.-ին Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավումը՝ կողմերն առանձնացրել են այդ հարցում ՊԵԿ-ի գործունեությամբ արձանագրված արդյունքների, հատկապես՝ վարչարարության էական ազդեցությունը: Շեշտվել է, որ տարվա ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, համակարգի օպտիմալացումը և ստվերի դեմ պայքարում վարչարարության կատարելագործումը դրականորեն են անդրադարձել 2017թ.-ի հարկաբյուջետային կատարողականի վրա: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ 2018թ.-ի ծրագրված ցուցանիշը կանխատեսելի է, և կոմիտեն այն նույնպես ապահովելու է. «Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների հրապարակումը կփաստի, որ բյուջեի կատարողականով նախատեսված ցուցանիշների համեմատ արդեն իսկ էական առաջընթաց է ՊԵԿ-ը գրանցում»:

 

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը նկատել է, որ բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման առումով ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված, ինչին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն կարդարացնի սպասումները: «Հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները մեծ արդյունք են տվել, ուստի շարունակվելու են նաև 2018թ.-ին: Այն թիրախները, որ մեր առջև դրել ենք, բարձր արդյունքով կատարելու ենք»,-հավաստիացրել է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2018թ.-ի համար բարձր նշաձող է կոմիտեն սահմանել՝ 2019թ.-ին ավելի բարենպաստ մեկնարկային վիճակ ունենալու համար:

 

ՊԵԿ նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության երկշաբաթյա համագործակցությունը ՊԵԿ ստորաբաժանումների հետ և շնորհակալություն է հայտնել Հոսսեյն Սամիեիին՝ կոմիտեի աշխատանքում դրական փոփոխություններն արձանագրելու համար: Վերջինս հույս է հայտնել, որ ՊԵԿ-ը կշարունակի նախաձեռնած բարեփոխումները՝ գրանցելով դրական նոր արդյունքներ:-