Երկուշաբթի, 19 Մարտի 2018 12:20
Նաիրա Բադալյան

Մարզպետ. 2018 թվականին Արարատի մարզում նախատեսվում է ապահովել 20 տոկոս տնտեսական աճ

Մարզպետ. 2018 թվականին Արարատի մարզում նախատեսվում է ապահովել 20 տոկոս տնտեսական աճ

Արմինֆո. Տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման միջոցով  Արարատի մարզում ընթացիկ տարի ակնկալվում է ապահովել 20% տնտեսական աճ: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանին հաղորդել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն այցելել էր Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ.  բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել  է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է  մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես էլ հաշվարկային ցուցանիշների ավել պլանավորմամբ: Սեփական եկամուտների գծով  նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի: Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ավելացնել համայնքների եկամուտները մեկ շնչի հաշվով: «Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում: Ակնկալվում է, որ սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով հանրապետությունում կազմելու է 11350 դրամ, ինչը նշանակում է, որ Արարատում այդ ցուցանիշը պետք է ավելին լինի, քանի որ մարզը ամենազարգացածներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, որ եթե գույքը, հողը, չի գույքագրվում, ապա ցուցանիշները ցածր են լինելու», - ասել է վարչապետը:

 

Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերն իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը: Նշվել է, որ նախորդ տարի մարզում տրամադրվել է 500 շինթույլտվություն և ակնկալվում է, որ ընթացիկ տարի շինարարության ոլոտում մարզում կարձանագրվի 10 տոկոսի աճ: 2017-ի ընթացքում ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 4,1 մլրդ դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից՝ միայն 3,1 մլրդ դրամը` հյուսիս-հարավ ճանապարհի 8 ուղեանցերի վերակառուցման  նպատակով: 2018-ին ճանապարհաշինության բնագավառում  կիրականացվեն 2.1  մլրդ դրամի  աշխատանքներ:

 

Ջրամատակարարման ուղղությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության պատվիրատվությամբ մարզի համայնքներում ջրամատակարարման բնագավառում 2017-ին իրականացվել են մոտ 300 միլիոն դրամի աշխատանքներ: Վարչապետը հանձնարարել է ընթացիկ տարում հնարավորինս լուծել գյուղացիների` ոռոգման առնչվող խնդիրները: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ոլորտին, ապա Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ մարզում գործում են 49,116 գյուղացիական  տնտեսություններ, առկա են 305 հա ջերմոցներ, 1840 սառնարաններ՝   17770 տոննա ընդհանուր հզորությամբ: Գյուղացիական  տնտեսությունների  և  մշակովի  հողատարածքների  խոշորացման գործընթացի արդյունքում  խոշոր  հողակտորներ /5հա  և  ավել/ ունեցող գյուղացիական տնտեսությունների  թիվը 2017-ի դրությամբ  կազմում  է 313  գյուղացիական  տնտեսություններ՝ 2016-ի 280-ի  փոխարեն: Նախորդ տարվա ընթացքում կատարված ցանքերը մարզում կազմել են 18507 հա: Նաև զեկուցվել է, որ 260 աղբավայրերից մարզում այսօր գործում է 43-ը, և նախատեսվում է դրանք հասցնել 3-4-ի:

 

Մարզում կատարված ներդրումների ծավալը 2017-ին կազմել է 32,1 մլրդ դրամ՝ ստեղծվել է 3000 նոր աշխատատեղ: 2018-ին ներդրումների ծավալը նախատեսում է հասցնել 42 մլրդ դրամի:

 

Սմփոփելով զեկույցը՝ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարում Արարատի մարզում ծրագրվող 20% տնտեսական աճի ապահովմանը հասնելու նպատակով սահմանվել են  հիմնական գերակա 2 ուղղություններ. արդյունաբերության աճ՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում: