Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս ընկերության կազմում է ընդգրկված հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերությունը:
Հանդիպմանը քննարկվել են հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դինգ Ժենգուոն վստահեցրել է, որ «Սինոհիդրո»-ն հաջողությամբ իրականացնելու է հյուսիս-հարավի ավտոճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքները և պատրաստ է առաջ մղել շինաշխատանքները:
Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու չինական կողմին շինաշխատանքների ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: