Հինգշաբթի, 29 Մարտի 2018 14:52
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կձևավորվի ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանում կձևավորվի ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետի հանձնարարականներից մեկն առնչվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի  ճշգրտման մեխանիզմներին:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի  կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակեպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերքաօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից», - ասել է Կարեն Կարապետյանը:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավարին 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի  ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարվել է միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորվելուն պես՝ 3-ամսյա ժամկետում վերհանել ընդերքօգտագործող կազմակեպություններին, հատկապես՝ մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի  համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները և ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների մասին պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ: