Հինգշաբթի, 29 Մարտի 2018 17:59
Էմմանուիլ Մկրտչյան

Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում հունիսի 1-ից կկանգնեցվի Հայկական ատոմակայանի 2-րդ ռեակտորը

Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում հունիսի 1-ից կկանգնեցվի Հայկական ատոմակայանի 2-րդ ռեակտորը

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում՝   մարտի 28-ին,  տեղի է  ունեցել հայ-ռուսական  hամատեղ համակարգող հանձնախմբի 6-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի  տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի գլխավորությամբ:

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նիստում քննարկվել են 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև առաջիկա տարիների անելիքները. սարքավորումների փոխարինման, արդիականացման աշխատանքների ծավալն ու ժամանակացույցը:

 

Կողմերն ընդգծել են կայանի մեքենայական սրահի արդիականացման աշխատանքների ընթացքի արդյունավետությունը, մասնավորապես նշվել է, որ արդեն կայան են մատակարարվել տուրբինները, տուրբոգեներատորները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները: Արդիականացվել են վերանորոգման համար նախատեսված մեքենայական սրահի կռունկները, նախապատրաստվել է պլանային-նախազգուշական վերանորոգման ծրագիրը, որը կմեկնարկի 2018 թվականի հունիսից: Նշվել է, որ ապրիլի 14-ին կկանգնեցվի թիվ 4 տուրբոագրեգատը, կփոխարինվեն կոնդենսատորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը: Հունիսի 1-ից կկանգնեցվեն ռեակտորը, թիվ 3 տուրբոագրեգատը, կարդիականացվի թիվ 3 տուրբինը, կփոխարինվեն  բարձր ճնշման գլանը, ցածր ճնշման գլանի ռոտորը և զատիչ-շոգեգերտաքացուցիչը, ինչպես նաև  թիվ 3 տուրբոագրեգատի գեներատորը և գլխավոր տրանսֆորմատորը: Նախատեսվում է 2018 թ. ավարտել թիվ 1 հովացման  աշտարակի արդիականացման աշխատանքները։  

 

Անդրադարձ է եղել ՀԱԷԿ-ի աշխատակիցների և  ներգրավված մասնագետների  վերապատրաստման հարցերին: Նախատեսվում է, որ 2018թ.  հունիս-հուլիս ամիսներին կայանում  կաշխատեն կապալառու կազմակերպությունների  մոտ 600 աշխատակիցներ:

Քննարկվել են մարդասիրական ոլորտում համագործակցության և Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում կադրերի պատրաստման հարցերը:  Այդ համատեքստում  նշվել է, որ 2018 թ. մարտին Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ են ընդունվել  դիմորդներ Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են կրթական միջոցառումներ: Նիստի  ավարտին`  քննարկման  արդյունքներով  ստորագվել է արձանագրություն:

 

Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից,  խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով, մինչև 2026 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական ​​արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: 2015-ի մարտին ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծվել է Համատեղ համակարգող հանձնաժողով: Մինչ այժմ տեղի է ունեցել այն Հանձնաժողովի 5 նիստ: