Արմինֆո. 2018թ.-ի ապրիլի 03-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի 8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 320,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.25% տոկոսադրույքով և 51 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBKB2HER3) բորսայում կշրջանառվեն ARBKB2H բորսայական հապավմամբ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը առաջատար է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում` թողարկված կորպորատիվ պարտատոմսերի թվով, որոնց մի մասն արդեն մարվել է: Ընդհանուր առմամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բերսայում 2018 թվականի ապրիլի 3-ի դրությամբ, վերը նշված թողարկման հետ միասին, շրջանառվում են 14 թողարկողների 56 թողարկումներ, որի 44-ի թողարկողները 10 բանկերն են` Արարատբանկ (9 թողարկում), Ամերիաբանկ (8), Արմսվիսբանկ (6) Անելիք Բանկ (5) Հայբիզնեսբանկ և Յունիբանկ (4), Կոնվերս Բանկ (3), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ և Հայէկոնոմբանկ (2) և BSTDB (1):
Հիշեցնենք, որ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը գործում է 2005 թվի նոյեմբերից: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մաժորիտար բաժնետերերն են «Ֆլեշ» ընկերությունը` 72,73%, Բարսեղ Բեգլարյանը (հայտնի ձեռներեց, «Ֆլեշի՚ ղեկավար)` 18,33% և Rural Impulse Fund II (ներառված է բելգիական Incofin Investment Management - Incofin IM կառուցվածքում)` 8,58%. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 3-րդ դիրքն է զբաղեցնում մասնաճյուղերի ընդհանուր թվով, որոնց թիվը 61 է, ընդ որում, պահպանում է առաջատար դիրքը մայրաքաղաքում (30), 29-ը մարզային մասնաճյուղերն են, 2-ը գտնվում է Արցախում: