Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր առաջին հակադարձ ռեպո գործարքն է իրականացրել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ, որը Հայաստանի առաջատար բանկերից է: ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներգրավել է 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով գումար մեկ տարի ժամկետով՝ ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՀ պետական Եվրոպարտատոմսերի ապահովությամբ:
Ինչպես տեղեկացրել է ՎԶԵԲ մամուլի ծառայությունը, գործարքը երաշխավորվում է փողի շուկայի զարգացման ոլորտում մասնագիտացված առաջատար կազմակերպություններից մեկի՝ Frontclear-ի կողմից, որը հիմնադրվել է Եվրոպական կառավարությունների և զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից: Նշենք, որ վերոնշյալ գործարքը Frontclear ընկերության երաշխավորությամբ իրականացված առաջին գործարքն է Հայաստանում:
«Հակադարձ ռեպո գործարքի իրականացումը հանդիսանում է ՎԶԵԲ-ի` ՀՀ դրամի և տեղական կապիտալի շուկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորագույն մաս: Գործարքը ուժեղ դեմոնստրատիվ ազդեցություն ունի տեղական ֆինանսական շուկաների վրա, քանի որ այն իրականացվել է ՎԶԵԲ-ի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջև 2018թ.-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում, որը կողմերին միմյանց հետ ռեպո գործարքների կնքման հնարավորություն է ընձեռում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գործարքը հնարավոր է դարձել ՀՀ Կենտրոնական բանկի աջակցության շնորհիվ, որը ապահովել է Հայաստանում ածանցյալ գործիքների և ռեպո գործարքների համար իրավական և կարգավորող դաշտի ներդնումը: Այս իրավական բարեփոխմանը աջակցել են նաև ՎԶԵԲ-ի Տեխնիկական համագործակցության հիմնադրամները:
ՀՀ դրամով արտահայատված ռեպո շուկայում գործունեության ծավալումը մեծ ազդակ է իշխանություններին և միջազգային ներդրողներին, որ ՎԶԵԲ-ը ոչ միայն տրամադրում է տեխնիկական աջակցություն տեղական դրամական շուկաների զարգացման համար, այլ նաև հանդիսանում է այդ շուկաների մասնակից:
Նշենք, որ Frontclear-ը ֆինանսական շուկաների զարգացման հաստատություն է, որը կենտրոնացած է զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում (EMDC) կայուն և ընդգրկուն միջբանկային շուկաների կատալիզացիայի վրա: Frontclear-ը նպաստում է տեղական ֆինանսական հաստատությունների կողմից միջբանկային շուկաներ մուտք գործելը՝ նրանց վարկային ռիսկի ապահովագրման համար երաշխիքների տրամադրման միջոցով:
Հիշեցնենք, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թ. Հոկտեմբերի 7-ին: Արմսվիսբանկը առաջատար հայկական բանկերից մեկն է անդերռայթինգի, մարկետմեյքերի և դեպոզիտարային ծառայությունների տրամադրման ոլորտում: Բանկը հանդիսանում է արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաների ակտիվ մասնակիցը: 2006 թվականից ի վեր Արմսվիսբանկը պարտատոմսերի առաջնային շուկայում հանդես է գալիս որպես պետական գործակալ: Արմսվիսբանկի 80%-ը պատկանում է «HVS Հոլդինգ» ՍՊԸ-ին, որը կառավարվում է Վարդան Սիրմակեսի կողմից և գրանցված է Լյուքսեմբուրգում, իսկ մնացած 20 տոկոսը պատկանում է Վարդան Սիրմակեսի կողմից վերահսկվող «BELEGINGSMACHEPIJ JONGO» ընկերությանը, որը գրանցված է Նիդեռլանդներում: