Արմինֆո. Իրանը Հայաստանին գազ է առաջարկում ավելի բարձր գնով, քան՝ Ռուսաստանը, ապրիլի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով, չնայած Երևանի և Թեհրանի միջև բազմամյա բանակցություններին՝ իրանական կողմը հայկական կողմին, ինչպես և իր մյուս հաևաններին, առաջարկում է գազ գնել ռուսական «երկնագույն վառելիքի» արժեքը գերազանցող գնով: Փոխնախարարը ձեռնպահ է մնացել մեկնաբանել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը պատրաստ է գազ վաճառել Երևանին ընդունելի գնով, եթե հայկական կողմից շահագրգռվածություն լինի: Այնուամենայնիվ, ինչպես հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են ինչպես «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց՚ նախագծի շրջանակներում, այնպես էլ՝ հայ սպառողին վառելիքի անմիջական մատակարարումների շուրջ: Սակայն, գինը, որով Իրանը գազ է առաջարկում, Հայկ Հարությունյանը չնշեց՝ «իրանական կողմի կոմերցիոն գաղտնիքը» համարելով դա:
Փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ Իրանը Հայաստան գազ է մատակարում «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց՚ գործարքի շրջանակում` 1 խմ գազ 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց հաշվարկով: Այդ ծրագրի շրջանակում, ինչպես կարծում է փոխնախարարը, ոչ մի սահմանափակում չկա: Ավելին, ընթացիկ տարում նախատեսվում է զգալիորեն ավելացնել Իրանից գազի մատակարարումների ծավալները: 2017 թվականին Իրանից առաքվել է 382,7 մլն խմ գազ, Ռուսաստանից` 1,996 մլրդ խմ: Ընդ որում, Ռուսաստանից գազի մատակարարումների ծավալները նախորդ տարի ավելացել են 7 տոկոսով, Իրանից` 2,9 տոկոսով:Ինչ վերաբերում է ԻԻՀ-ից գազի ուղիղ մատակարարումներին, ապա այստեղ հարցն առնչվում է գնին: «Իրանական կողմից մինչ օրս գազի ավելի մատչելի գնի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել: Երբ ստացվի ավելի մրցունակ գին, այն ժամանակ հարցը կքննարկվի՚, - ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ միայն հունվարին գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներն ավելացել են 104 տոկոսով:
Մինչդեռ 2017 թ. հոկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել էր, որ Հայաստանն իրանական գազ ձեռք կբերի միայն այն դեպքում, եթե այն ռուսականից ավելի էժան լինի: Ռուսական բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թ. սահմանին կկազմի հազար խմ դիմաց $150: