Հինգշաբթի, 5 Ապրիլի 2018 15:47
Նաիրա Բադալյան

Հայաստանի գործադիր մարմինների ղեկավարները հաշվետվություն կներկայացնեն 2018 թվականի առաջին եռամսյակում  իրենց գործունեության մասին

Հայաստանի գործադիր մարմինների ղեկավարները հաշվետվություն կներկայացնեն 2018 թվականի առաջին եռամսյակում  իրենց գործունեության մասին

Արմինֆո. Հայաստանի գործադիր մարմինների ղեկավարները հաշվետվություն կներկայացնեն 2018 թվականի առաջին եռամսյակում  իրենց գործունեության մասին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության այսօրվա նիստում վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարել է 15-օրյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թ. 1-ին եռամսյակի համար նախատեսված միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների  և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումներն ու դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: Ինչպես նաև տեղեկատվություն ներկայացնել նշված ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ,  ելնելով Սահմանադրության պահանջից, առաջիկայում կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: «Օգտվելով առիթից՝ բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,- դիմելով նախարարներին ասել է վարչապետը՝  հորդորելով շարունակել աշխատանքը նույն տեմպով ու եռանդով:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին: Նույն օրը լրանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և կառավարությունը պետք է հրաժարական տա: Ապրիլի 17-ին խորհրդարանը նոր վարչապետ կընտրի: