Արմինֆո. Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով գործարանի նախկին աշխատակիցների՝ Հանրային խորհուրդ ուղղված դիմումը, որով առաջարկվում է քննարկման դնել գործարանի վերագործարկման հարցը:
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, հանձնաժողովի անդամներ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական, «Նաիրիտի» նախկին տնօրեն Լևոն Շահվերդյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը, գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ, պրոֆեսորներ, ոլորտի փորձագետներ:
Լևոն Շահվերդյանը, որը 2005 թվականին մեկուկես տարով եղել է գործարանի տնօրենը, այժմ էլ շահագրգռված է գործարանի վերագործարկմամբ և ակտիվ աշխատանքներ է իրականացնում հնարավոր ներդրողներ գտնելու, գործարանով հետաքրքրված ընկերությունների հետ բանակցություններ վարելու ուղղությամբ:
Շահվերդյանը տեղեկություններ է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ և նշել այն հիմնական պատճառները, թե ինչու ի վերջո գործարանի նկատմամբ վերջնական հետաքրքրություն չի առաջանում, և բանակցություններն արդյունք չեն տալիս: Պատճառների մեջ Շահվերդյանը մատնանշել է, օրինակ, Հայաստանում էներգակիրների թանկության խնդիրը: Այնուամենայնիվ, նա համոզմունք է հայտնել, որ «Նաիրիտի» վերագործարկումն իրատեսական է:
Գործարանի սնանկության գործով կառավարիչը ներկայացրել է սնանկության գործընթացը՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են բանակցություններ հնարավոր գնորդների հետ: Նրա խոսքով, գործարանով հետաքրքրվողներին առաջին հերթին հետաքրքրում է գործարանի անվտանգության հարցը: Գործարանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը ներդրողների կողմից նա հիմնավորել է նաև սարքավորումների խիստ մաշվածությամբ և ժամանակակից միտումներին չհամապատասխանելու գործոնով, ինչը լրացուցիչ ֆինանսական մեծ ներդրումների հարց է առաջացնում:
«Նաիրիտի» նախկին աշխատակիցները, սակայն, համամիտ չեն եղել հնչած տեսակետներին, թե գործարանի վերագործարկումը վտանգավոր է կամ ներդրումների առումով ռիսկային: Նրանք ներկայացրել են առաջարկներ, թե ինչպես կարելի է գործարանը ոտքի կագնեցնել՝ վերականգնելով նախ մի քանի հիմնական արտադրությունները, ապա անցնելով առավել ընդլայնված գործունեութան: Նրանք մտահոգություն են հնչեցրել առկա գիտական ռեսուրսը կորցնելու առումով, ինչը հետագայում հնարավոր չի լինի կամ շատ դժվար կլինի վերականգնել:
Քննարկման մասնակից փորձագետները նույնպես ներկայացրել են հիմնավորումներ «Նաիրիտի» վերագործարկման անհրաժեշտության և հնարավորությունների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնել աջակցելու խնդրի բարձրացմանն ու համապատասխան միջոցառումների իրականացմանը:
Վազգեն Սաֆարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գործարանի առկա ռեսուրսները և իրատեսական լուծումներ կառաջարկի: Ըստ Սաֆարյանի՝ գործարանի վերագործարկումը հնարավոր կլինի իրականացնել միայն պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ քննարկման արդյունքների հիման վրա կպատրաստվի փաստաթուղթ, որը կներկայացվի ՀՀ կառավարություն:
Հիշեցնենք, որ «Նաիրիտը» պարապուրդի է մատնված 2010 թվականի մարտից: Ձեռնարկությունը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: