Երկուշաբթի, 9 Ապրիլի 2018 14:27
Ալինա Հովհաննիսյան

Որտեղ չեն կարող ներդրվել Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները

Որտեղ չեն կարող ներդրվել Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները

Արմինֆո. Կուտակային համակարգի մասնակիցների միջոցները, նրանց համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում` պարտատոմսեր, բանկային ավանդներ, բաժնետոմսեր և այլն:

Ինչպես տեղեկացնում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը (ԿՀԻԿ), որպեսզի այս գումարները առավելագույնս պաշտպանված լինեն տարատեսակ բացասական ազդեցություններից, օրենքը սահմանափակում է, թե որտեղ և ինչ չափով կարող են կուտակային միջոցներով ներդրումներ կատարվել: 

Սահմանափակումներից մեկը վերաբերում է ներդրումների աշխարհագրությանը և արժույթին:

Աղբյուրի համաձայն, կուտակային հատկացումներով ներդրումներ կատարվում են հայկական դրամով և արտարժույթով, ընդ որում` արտարժույթով ներդրումները չեն կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի միջոցների 40 տոկոսը: «Դա նշանակում է, որ գումարի առնվազն 60 տոկոսը ներդրվում է Հայաստանում հայկական դրամով` խթանելով երկրի տնտեսությունը»,- ասվում է ԿՀԻԿ հաղորդագրության մեջ:  

Բացի արժույթների քանակական սահմանափակումից, խիստ կարևոր է նաև, թե որ երկրներում է թույլատրված կատարել կուտակային միջոցներով ներդրումներ. դրանք Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) և ԵՄ անդամ պետություններն են, որոնք ունեն կայացած կապիտալի շուկաներ և առավել ապահով  են նմանատիպ ներդրումների համար:

Կուտակային համակարգի հաջողության գլխավոր նախապայման է կուտակվող միջոցներով ներդրումների քաղաքականությունը, ուստի հայաստանյան օրենսդրությունը այս տեսանկյունից թեպետ բավականին խիստ է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս կառավարիչներին` ներդրումները կատարել դիվերսիֆիկացված և ապահովել հնարավոր լավագույն արդյունքներ համակարգի մասնակիցների համար: