Արմինֆո. 2020 թվականից ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է աջակցել օրգանական գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: Նրա խոսքով, օրգանական գյուղատնտեսությունն ունի մեծ ներուժ և կարող է Հայաստանի գյուղատնտեսության հեռանկարային ուղղությունը հանդիսանալ:
Ինչպես նշել է փոխնախարարը, ներկայումս Հայաստանն օրգանական արտադրանքից արտահանում է մեղր, թեյ և հյութեր ու հիմանկանում ռուսական շուկա: Արտահաման ծավալներն այսօր մեծ չեն. հյութերն արտահանվում են 100 հազար եվրո գումարի, եթերային յուղերը՝ 60 հազար եվրոյի, շատ ավելի համեստ է թեյի արտահանման ցուցանիշը:
Այնուամենայնիվ, հանրապետությունն աշխարհագրությունն ընդլայնելու և արտադրվող օրգանական ապրանքների տեսականին մեծացնելու նպատակ է հետապնդում: Մասնավորապես, ինչպես նշել է փոխնախարարը, դեկտեմբերի 11-13-ն առաջին անգամ «ORGANIC ARMENIA» («Օրգանական Հայաստան») համատեղ տաղավարով Հայաստանի 12 ընկերություններ ներկայացրել են իրենց հավաստագրված ՕՐԳԱՆԱԿԱՆ և բնական արտադրանքը Դուբայում կազմակերպված «Organic & Natural Expo Middle East» ցուցահանդեսին: Այդ ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանից ԱՄԷ օրգանական յուղերի արտահաման շուրջ: Միաժամանակ, ինչպես գտնում է գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը, հայկական օրգանական արտադրանքը լիովին մրցունակ է եվրոպական շուկայում: Մոտ ժամանակներս նախատեսվում է օրգանական գինու և ձիթապտղի յուղի արտադրություն կազմակերպել:
2020 թվականին նախատեսված պետական աջակցության ծրագրի շրջանակներում, ինչպես հայտնել է Հարությունյանը, կառավարությունը, հնարավոր է, սուբսիդավորի այն գյուղատնտեսական արտադրողների բիզնեսը, որոնք կցանկանան ավանդական գյուղատնտեսությունից անցում կատարել օրգանականին:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, Ավստրիայի զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության խթանման եռամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 3,3 միլիոն եվրո, մեկնարկել է 2015 թ. հունվարին և կոչված է բացահայտելու Հայաստանի ներուժն օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Ծրագիրը ունի 4 հիմնական բաղադրիչ՝ օրենսդրական դաշտի բարեփոխում և համապատասխան հաստատությունների ստեղծում, օժանդակություն այն անձանց, ովքեր ցանկանում են զբաղվել օրգանական գյուղատնտեսությունով, աճող իրազեկություն և արտաքին շուկաների որոնում: 2017 թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ Հայաստանի օրգանական գյուղատնտեսական ապրանքների համար մեծ հեռանկարներ է տեսնում եվրոպական շուկայում, քանի որ այն «որակյալ է ու համեղ»:
Միաժամանակ 2017 թ. սեպտեմբերին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Ավստրիական զարգացման գործակալության Organic Agriculture Support Initiative (OASI) նախագծի ղեկավար Դևիդ Մուկենբուգերը նշել էր, որ Հայաստանի գյուղատնտեսության օրգանական հատվածն արտադրության ծավալների սահմանափակության առնչությամբ եվրոպական շուկայում չի կարող մրցակցել զանգվածային արատդրողների հետ, որոնք ներկայացված են խոշոր ցանցային սուպերմարկետներում: Նրա ասելով, Հայաստանի էկոլոգիական գյուղատնտեսական արտադրանքը իրացվում է, որպես կանոն, եվրոպական երկրների մայրաքաղաքների ոչ մեծ մթերային խանութներում և կրպակներում: Ընդ որում, ապրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է դրսևորում նաև Սփյուռքը: Մուկենբուգերը նշել էր, որ հայկական օրգանական արտադրանքի առավելությունը շուկաների խորշերի որոնման դյուրինությունն է: «Խոշոր ցանցային սուպերմարկետներում փոքր-ինչ դժվար է ապահովել հայկական օրգանական արտադրանքի առկայություն: Սակայն այստեղ առանցքային դեր է խաղում ոչ թե որակը, քանի որ Հայաստանի օրգանական արտադրանքը նրբաճաշակ է, համեղ և յուրահատուկ: Հարցն արտադրության սահմանափակ լինելն է, որի ծավալներն առայժմ թույլ չեն տալիս դուս գալ այլ մակարդակի շուկաներ՚, - պարզաբանել էր նա: