Արմինֆո. ՀՀ կառավարությունը կքննարկի եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկությունները: Ապրիլի 12-ին կառավարության նիստում համապատասխան հանձնարարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Ինչպես հիշեցրել է Կարեն Կարապետյանը, 2017 թվականին արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվել է հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: «Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ: Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ:
Նշենք, որ հարկային բեռի նվազեցման հարցը սուր էր դրված դեռ 2016 թ. նոր Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ, բայց այդ ժամանակ ԱՄՀ և Համաշխարհային բանկի ճնշման ներքո Կարապետյանի նոր կառավարությունը խորհրդարանի միջոցով անցկացրեց այդ փաստաթուղթը: Ընդդիմությունը նույնպես բարձրացրել էր այդ հարցը: «Ելք» ընդդիմադիր դաշինքն առաջարկել էր վերանայել Հարկային օրենսգրքում եկամտահարկի սանդղակը՝ համալրելով այն ևս մեկ «միջանկյալ սանդղակով» 150 հազարից մինչև 300 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար՝ սահմանելով 26%-ի չափով հարկ: «Առաջարկվող փոփոխությունը բացասական ներգործություն կունենա, այդ թվում` պետական բյուջեի եկամտային մասի կատարման առումով»,- փետրվարին հայտարարել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը հիշեցրել էր, որ 2018 թվականի հունվարի 1-ից աշխատողները եկամտահարկ են վճարում ավելի շահավետ սանդղակով. հարկային բեռը կրճատվել է 279 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողների, այսինքն բոլոր վարձու աշխատողների 90 տոկոսի` 540 հազար աշխատողի համար: Իսկ «Ելքի՚ առաջարկած փոփոխությունը լրացուցիչ եկամուտ կապահովի 2 հազար քաղաքացու համար: Ուստի, ինչպես նշել է Վարդան Արամյանը, առաջարկությունը հիմնավորված չէ, քանի որ բյուջեի կորուստների փոխհատուցման մեխանիզմ չի նախատեսում:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ 150 հազար դրամ ($310) շեմը չգերազանցող եկամուտների համար եկամտահարկի դրույքաչափը կազմում է 23 տոկոս: Հաջորդ սանդղակով՝ մինչև 2 մլն դրամ ($4 հազար) հարկման դրույքաչափը բարձրանում է աճող կորագծով՝ մինչև 35%: 2 մլն դրամ շեմը գերազանցող եկամուտը հարկվում է փոքր-ինչ ավել դրույքաչափով: