Հինգշաբթի, 19 Ապրիլի 2018 13:20
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյանը և MAYKOR ընկերության ներկայացուցիչները քննարկել են թվային փոխակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները

Վարդան Արամյանը և MAYKOR ընկերության ներկայացուցիչները քննարկել են թվային փոխակերպման ոլորտում համագործակցության հեռանկարները

Արմինֆո. «Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները:

Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում գտնվող թվայնացման ենթակա ոլորտները` բյուջետավորում, գանձապետական ոլորտ, պետական գնումներ, հաշվապահական հաշվառում, պետական պարտքի կառավարում և այլն: Ըստ ընկերության մասնագետների` ֆինանսների կառավարման պետական տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման նախագծի նպատակն է ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումը: Սա ենթադրում է տեղեկատվական տարբեր համակարգերի փոխարինում մեկ միասնական հարթակով, ֆինանսական համակարգի թվային փոխակերպման և վերաձևավորման ընթացքում բիզնես գործընթացների փոփոխությունների ապահովում, ծառայությունների հասանելիության, թափանցիկության և հավաստիության բարձրացում և այլն:

Առարկայական քննարկումներից հետո Վարդան Արամյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ներկայացվող նախագծի շրջանակներում, գտնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները և համատեղ ջանքերով զարգացնել դրանք:

Նախօրեին ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ ՏՏ և բիզնես գործընթացների աութսորսինգի ծառայություններ մատուցող Maykor ընկերությունը «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվում է ՀՀ թվային փոխակերպման ծրագրերը:

Ընկերության մամուլի ծառայության համաձայն՝ ծրագրերը նպատակ ունեն խթանել պետական ​​կառավարման բոլոր կառույցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը՝ պետական ​​ապարատի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև մասնավոր հատվածի աջակցման նպատակով:

Ենթադրվում է ֆինանսների կառավարման համակարգերի մշակման և ներդրման, անասնաբուժական արտադրանքի էլեկտրոնային սերտիֆիկացման, շրջակա միջավայրի մոնիտորինգի և վերահսկման ծրագրերի, ինչպես նաև հանրությանը մատուցվող ծառայությունների մակարդակի բարելավմանն ուղղված լուծումների իրականացում: