Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018 12:52
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյան. Վարչապետը հրաժարական տվեց, և դա մեծ քայլ է

Վարդան Արամյան. Վարչապետը հրաժարական տվեց, և դա մեծ քայլ է

Արմինֆո. Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից, լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը:

ֆինանսների նախարարի պաշտոնակատարը դժվարացել է երեկ տեղի ունեցած իրադարձությունները հեղափոխութուն անվանել: «Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում վարչապետը հրաժարական տվեց, և դա մեծ քայլ էր»,- ասել է նա: Այն հարցին, թե արդյոք կաշխատի նոր իշխանությունների հետ՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ժամանակից առաջ ընկնել չի սիրում. «Ժամանակը ցույց կտա», - հավելել է նա: 

Միաժամանակ, Արամյանի խոսքով, ցանկացած ներքաղաքական լարվածություն անդրադառնում է տնտեսության վրա: Ինչպես հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատարը, ժամանակը ցույց կտա, թե հայտնի իրադարձությունները որքանով են ազդել ներդրումային ակտիվության վրա: Նրա խոսքով, ավանդաբար ներդրողներն աչքի են ընկնում պահպանողական վարքագծով, հետևում են երկրի տնտեսությանը, բարեփոխումների անցկացմանը:

«Արձանագրենք, որ անցած 1,5 տարում մենք կատարել ենք առաջին քայլը, միջազգային վարկանշային կազմակերպությունները դրական են գնահատել Հայաստանի տնտեսությունը և կառավարության գործողությունները:

Դրական զարգացումները դրական ազդակներ են տալիս ներդրողներին: Եթե նման լարվածություն չի լինում, ներդրողներն ավելի վստահ են իրենց զգում»,- ասել  է ֆինանսների նախարարի պաշտոնակատարը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում լարվածությունը կթուլանա, և կառուցողական քննարկումներ կլինեն: