Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը դրամի արժեզրկման հետ կապված ռիսկեր չի տեսնում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով երկրի ֆինանսական կայունության վրա վերջին ներքաղաքական իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին հարցին:
Այնուամենայնիվ, ՀՀ ԿԲ ղեկավարը լրագրողներին հիշեցրել է, որ ցանկացած ներքին քաղաքական անկայունություն, այսպես թե այնպես, անդրադառնում է շուկայի վրա: ԿԲ ղեկավարը հավաստիացրել է, որ գերատեսչությունը նախկինի պես կշարունակի իր դրամավարկային քաղաքկանության շրջանակներում միջոցառումների անցկացումը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել երկրում ընթացող զարգացումների առնչությամբ: «Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ մեր տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա: Ինչպես հայտնի է, վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի: Ուստի շատ կարևոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների և փոխադարձ համաձայնության համատեքստում: Շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն և ցածր ռիսկեր: Ցանկացած տևական հուզում, բնականաբար, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա, բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդը արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները»,- ասված էր հայտարարության մեջ: