Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին»օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այս մասին ասվում է ՀՀ կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
«Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ:
Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն /իրացվելիություն/, կանխիկի խնդիր համակարգում առկա չէ, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում:
Ավելին՝ հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն և ապատեղեկատվություն չտարածել. բոլոր նմանատիպ լուրերը, չճշտված տեղեկությունները թելադրում են անհանգիստ վարքագիծ, ինչի արդյունքում տուժում են մեր քաղաքացիները և նրանց ֆինանսական միջոցները:
ՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար: Կրկին հորդորում ենք բոլորին ցուցաբերել հանգստություն և ապատեղեկատվության արդյունքում չցուցաբերել անհանգիստ վարքագիծ»,- ասված է հայտարարության մեջ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |