Արմինֆո. «Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:
Տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին խորհրդի անունից ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Սթիվենսոնին վերջին 4 տարիների ընթացքում Լիդիանին մատուցած իր ծառայությունների և ներդրած ավանդի համար, որոնք հասցրեցին Ամուլսարի ծրագիրը շինարարության ավարտական փուլ: Մենք ողջունում ենք պարոն Կարելլիոյին Լիդիանում: Նա բերում է զգալի փորձառություն, ինչը կարևոր կլինի Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի և հետագա առաջընթացի համար»:
«Ժոաո Կարելլիոն ունի ավելի քան 30 տարվա փորձառություն հանքարդյունաբերության և ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ տարբեր երկրներում: Ներկայումս նա նաև հանդիասնում է «TMAS Resources Inc.ե և «Lucky Minerals Inc.ե ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նրա աշխատանքային գործունեությունը ընդգրկում է հանքարդյունաբերական ծրագրերում ղեկավար պաշտոններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և այլուր: Պարոն Կարելլիոն 2012-2014թթ. եղել է «Eco Oro Minerals Corp.»-ի նախագահը, գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև 2007-2012թթ. «Lundin Mining Corporation»-ի գործադիր փոխնախագահը և գործառնական գծով գլխավոր տնօրենը: Ունի հանքարդյունաբերական ինժեների բակալավրի աստիճան Միացյալ թագավորության Նյուքասլ Ըփոն-Թայնի համալսարանից և Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Միացյալ թագավորության Եվրոպական կառավարման դպրոցից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: