Հինգշաբթի, 3 Մայիսի 2018 15:20
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում գյուղատնտեսական պահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի գործարկման համար մինչև տարեվերջ կընտրվի մեկ մարզ

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում շարունակվում են գյուղատնտեսական պահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։ Նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը վստահ է, որ ապահովագրական համակարգը խթան կհանդիսանա, որպեսզի փոքր և միջին տնտեսություններն ավելացնեն իրենց ներդրումները և ավելի պաշտպանված զգան:

Նրա տեղեկացմամբ՝ գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական ուղղություններով՝ փորձնական ծրագրի իրականացման մարզը և ապահովագրվող մշակաբույսերը որոշելու նպատակով տվյալների հավաքագրում, Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ վնասի գնահատման ինստիտուտի ստեղծում և «Նարմա» բյուրոյի հիմնում, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և վնասի գնահատման ինստիտուտի համակարգումը: «Այս երեք ուղղություններով էլ աշխատանքներն իրականացվում են, ես կարծում եմ մինչև տարեվերջ մենք կունենանք պիլոտային նախնական ծրագիրը»,- նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ունենալ առաջին պոլիսները, այդ նպատակով Գերմանական զարգացման բանկի (KfW) կողմից ընտրվել են հատուկ խորհրդատուներ, որոնք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության և Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ զբաղվում են տվյալների հավաքագրմամբ:

«Վերջին քննարկումների ժամանակ մոտեցումն այնպիսին է եղել, որ ավելի լավ է կենտրոնանալ մեկ մարզի վրա, մի քանի մշակաբույսերի, պտուղ-բանջարեղենի և մի քանի ռիսկերի վրա, որպեսսզի մենք կարողանանք առաջին փուլում բացահայտել այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ավելի ընդլայնված ապահովագրական ծրագրի ներդրման ընթացքում»,- հավելել է Արմեն Հարությունյանը: