Ուրբաթ, 4 Մայիսի 2018 18:19
Կարինա Մելիքյան

Մայիսի 3-ին հարձակման ենթարկված «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» -ի «Կոմիտաս» մասնաճյուղը մայիսի 7-ին կվերսկսի իր աշխատանքը

Մայիսի 3-ին հարձակման ենթարկված «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» -ի «Կոմիտաս» մասնաճյուղը մայիսի 7-ին կվերսկսի իր աշխատանքը

Արմինֆո. Ս.թ. մայիսի 3-ին՝ ժամը 14:19-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել  էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետ՝ Բանկ) Երևանի Կոմիտաս մասնաճյուղի վրա (հասցե՝ Կոմիտաս պողոտա 3): Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ոստիկանության և անվտագնության ծառայություն մատուցող ընկերության աշխատողների օպերատիվ գործողությունների արդյունքում հարձակումը կասեցվել է:  Ավազակային հարձակումն իրականացրած անձը բերման է ենթարկվել: Նա բանկի հաճախորդ չի հանդիսանում: 

 

Աղբյուրը նշում է, որ Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի և ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին: Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար և շնորհակալություն է հայտնում նաև հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար:

 

Նշվում է, որ իրավապահ մարմինները  վերահսկում են իրավիճակը և իրականացնում են քննչական գործողություններ: Բանկի աշխատակիցներ և հաճախորդներ չեն տուժել: Բանկին և հաճախորդներին որևէ ֆինանսական և նյութական վնաս չի հասցվել: Գողացված գումարը վերադարձվել է բանկ:

 

Բանկը հայտնում է, որ Կոմիտասի մասնաճյուղը իրադարձություններից ելնելով՝ կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 7-ից: Բանկի մնացած մասնաճյուղերը գործում են ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի:

 

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով ժամը 14:10-ի սահմաններում «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կրակոց է արձակել և դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել հիշյալ մասնաճյուղում ծառայողական պարտականություններն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետև իր մոտ եղած դանակով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ հարվածել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող նույն ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի: Բանկի մասնաճյուղից քիչ հեռու Կոմիտասի պողոտայի 3/124 շենքի դիմաց, ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում Դանիել Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից, սպանելու դիտավորությամբ, կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Արա Շախգուլյանի ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածք: Զինված հարձակում գործած անձը վնասազերծվել է և բերման ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ Գողոնն առգրավվել է և ի պահ հանձնվել բանկին: Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Վերջինս ձերբակալվել է: Քննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ հրազենային վիրավորում ստացած Ա.Շախգուլյանի կյանքը փրկել չի հաջողվել և ստացած վնասվածքի հետևանքով մահացել է: