Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 8-ի նիստում քննարկել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը։
Հանձնաժողովը հավանություն է տվել որոշման նախագծին, որի արդյունքում «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի 2018 թվականի ներդրումային ծրագիրը կազմել է 1 680,2 մլն դրամ (առանց ԱԱՀ): Ներդրումային ծրագիրը հիմնականում միտված է ՀԷԿ-երի անխափան աշխատանքի ապահովմանը և անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ընկերության բոլոր ջրամբարների անվտանգության մակարդակի, տուրբինային սրահների տեխնիկական վիճակի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական անվտանգության ոլորտի, ինչպես նաև՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղություններով։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, Որոտանի կասկադ ՀԷԿ-ի գույքային համալիրը, որը հանդիսանում է ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության սեփականությունը, վարկային ռեսուրսների ներգրավման նպատակով գրավադրվել է: Ընկերության 100% բաժնետոմսերը հավասարաչափ բաշխվել են HSBC Trustee Company, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդեռլանդների զարգացման և ֆինանսների հիմնադրամ (FMO), Գերմանական ներդրումների և զարգացման հիմնադրամ (DEG) ֆինանսական կազմակերպույթունների և Հայաստանի Հանրապետության միջև: Գույքի գրավադրումը թույլ կտա ներգրավել լրացուցիչ 150 մլն եվրո՝ չհաշված կառավարության կողմից գերմանական KfW բանկից ներգրավված 51 մլն եվրոն մինչև Կասկադն ամերիկյան ընկերությանը վաճառելը: Հիշեցնենք, որ 2015 թ. դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վերակնքել պայմանագիրն ամերիկյան «Contour Global» ընկերության հետ՝ 51 մլն եվրո վարկի մանացած մասով ամերիկյան ներդրողների պարտավորությունները հստակեցնելու նպատակով: 2015 թվականի օգոստոս 12-ին Ամերիկյան «Contour Global» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին Որոտանի կասկադի ակտիվները $ 180 մլն-ով ձեռքբերելու գործարքի ավարտի մասին: Ընկերությունն ստացել է Որոտանի կասկադ-ի երեք ՀԷԿ-երը 25 տարով շահագործելու լիցենզիա, 404.2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, այդ թվում`Սպանդարյան ՀԷԿ-ը (76 ՄՎտ), Շամբիի ՀԷԿ-ը (171 ՄՎտ) և Տաթևի ՀԷԿ-ը (157,2 ՄՎտ):