Երեքշաբթի, 8 Մայիսի 2018 16:28
Ալինա Հովհաննիսյան

Արդշինբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ` համագործակցելով Կոմերցբանկի և Ասիական զարգացման բանկի հետ

Արդշինբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ` համագործակցելով Կոմերցբանկի և Ասիական զարգացման բանկի հետ

Արմինֆո. Արդշինբանկը ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար գերմանական Commerzbank-ից: Գործարքը երաշխավորվել է Ասիական Զարգացման Բանկի կողմից առևտրի ֆինանսավորման ծրագրի ներքո տրամադրված ծածկույթով: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, այս գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն Բանկի կորպորատիվ հաճախորդների արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` խթանելով առևտրի զարգացումը Հայաստանի տնտեսական առանցքային ոլորտներում` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության և սպասարկման ոլորտները:

 

«Այս գործարքն Արդշինբանկի հերթական արդյունավետ համագործակցությունն է իր բազմամյա գործընկերներ Կոմերցբանկի և Ասիական զարգացման բանկի հետ: Լինելով Հայաստանի բանկային համակարգի առաջատար բանկերի մեկը, Արդշինբանկը ինովատիվ ֆինանսական գործիքների միջոցով նպատակադրված աջակցում է հայկական ընկերություններին արտաքին շուկաներում իրենց դիրքերը ընդլայնելու համար»,-նշում է աղբյուրը:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Արդշինբանկը կորպորատիվ վարկավորման 294 մլրդ դրամ ծավալով գտնվում է առաջատարների եռյակում, տարեկան աճը`9.3%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կորպորատիվ վարկավորումը կազմել է 73.6%, իսկ մասնաբաժինը շուկայում կազմել է 15.4%: Ընդ որում, Բանկն առաջատարն է արդյունաբերական հատվածի վարկավորման ոլորտում (վարկային պորտֆելի 31.5% -ը),  ինչպես նաև առաջատար դիրքեր զբաղեցնելով ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հատվածում (վարկային պորտֆելի 18,8%-ը), սննդի և սպասարկման ոլորտներում, առևտրի ոլորտում, տրանսպորտի և կապի, շինարարության ոլորտներում: 2017 թվականն Արդշինբանկը եզրափակել է 5,7 մլրդ դրամի զուտ շահույթով: (2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):

 

Հիշեցնենք, որ «Արդշինբանկ՚ ՓԲԸ հիմնվել է 2003 թվականին: Այժմ Արդշինբանկը, հաշվի առնելով 2016 թվականի դեկտեմբերին նրա հետ միավորված Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ խումբը, ունի 64 մասնաճյուղ, որոնցից 19-ը Երևանում են, 42-ը` Հայաստանի մարզերում, և 3-ն` Արցախում: Մասնաճյուղերի ընդհանուր թվով և, մասնավորապես, տարածաշրջանային ցանցով բանկը պահպանում է 2-րդ դիրքը: Արդշինբանկն ունի նաև ներկայացուցչություն Փարիզում: Որպես Արդշինբանկի մեծամասնական բաժնետեր հանդես են գալիս «Արինս Գրուպ՚ ՍՊԸ-ն (վերանվանված «Բիզնես ներդրումների կենտրոն՚ ՍՊԸ-ն է)` 69,96%, և «ՌԵԳԻՈՆ արդյունաբերական-ֆինանսական կորպորացիա՚ ՓԲԸ` 27,53%: