Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018 16:39
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետը և WITSA նախագահը քննարկել են 2019 թ. Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի  կազմակերպմանն առնչվող հարցեր

ՀՀ վարչապետը և WITSA նախագահը քննարկել են 2019 թ. Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի  կազմակերպմանն առնչվող հարցեր

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից և համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:

Նիկոլ Փաշինյանը և Իվոն Չուն պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները: Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ և ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ուղղությամբ:

Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։