Արմինֆո. Մայիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Ինչպես տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, համատեղ նիստում ոլորտային հաշվետվություններով հանդես են եկել արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև զբոսաշրջության, մամուլի և ռադիոյի, հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:
Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացմամբ 2017թ-ին նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 750 մլն 347 հազ դրամ, որից ծախսվել է 664 մլն 498 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 88.5%-ը:
Զբոսաշրջության ոլորտում բյուջեի կատարողականի հաշվետվությամբ հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ըստ զեկույցի՝ զբոսաշրության ոլորտի զարգացմանը 2017 թվականին հատկացվել է 22 մլն դրամ, հուշարձանների պահպանության ոլորտին՝ 100 մլն դրամ:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2017թ-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախահաշվով հատկացված 27 մլն 960 հազ դրամից ծախսել է 25 մլն 174 հազ դրամ:
Ներկայացնելով «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի 2017 թ-ի բյուջեի կատարողականը՝ թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը հաղորդել է, որ նախահաշվով նախատեսված 86 մլն 128 հազ դրամն ամբողջությամբ ֆինանսավորվել է:
Նիստի ավարտին պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին: