Երկուշաբթի, 21 Մայիսի 2018 16:40
Ալեքսանդր Ավանեսով

Օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը

Արմինֆո. Այս տարվա օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի արդյունավետությունը։

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի նախարարության Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժինը, կկրճատվի մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող բնական գազի տեսակարար ծախսը։ Կավելանա նաև էներգաբլոկի հզորությունը։

 

Տեխնիկական վերազիման արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կհամալրվի կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսերը 258,1 գր/կՎտժ-ից կնվազեն մինչև 252,8 գր/կՎտժի,  էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1%-ով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. ԿՎտ. Ժ-ով, որը գործող սակագնի պայմաններում համարժեք է ավելի քան 1,2 մլրդ դրամի։

 

Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:

 

Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին: