Արմինֆո. Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի միջոցով։ Ավելի դյուրին է դարձել նաև նոր աշխատակիցների թիմում ներգրավման գործընթացը: Որպեսզի ընկերության կողմից ընտրված լավագույն թեկնածուները հեշտությամբ ինտեգրվեն և ցանկանան իրենց կարիերան շարունակել Beeline-ում, ընկերությունում ներդրվել է նոր աշխատակիցների ուղղորդման եռամսյա ծրագիր:
«Մեր ռազմավարության կարևորագույն ուղղություններից է հանդես գալ որպես պատասխանատու գործատու, և մենք շարունակաբար բարելավում ենք մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները։ Նախ՝ վիդեո հարցազրույցի օգնությամբ դիմորդը կարող է ավելի լավ ներկայացնել իրեն, իսկ արդեն աշխատանքի ընդունված նորեկին կցվում է ընկերության փորձառու աշխատակից՝ ում մենք կոչում ենք buddy։ Նա նոր աշխատակցին ընթացքում ծանոթացնում է ընկերության ընթացակարգերի, մշակույթի և իհարկե գործընկերների հետ։ Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները հենց առաջին օրվանից իրենց ազատ և պահանջված զգան և բացահայտեն իրենց բոլոր հնարավորությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Վիդեո հարցազրույցը անցնելու համար անհրաժեշտ է ընտրել ձեզ հետաքրքրող հաստիքը www.beeline.am կայքում, անցնել աշխատանքի նկարագրության մեջ տեղադրված հղումով և տեսագրել առաջարկված հարցերի պատասխանները։ Վիդեոն անհրաժեշտության դեպքում կարելի է ձայնագրել մի քանի անգամ։ Այս լուծումը թույլ է տալիս թեկնածուներին առավել լայն ներկայացնել իրենց գիտելիքները, փորձը և առավելությունները։
Նշենք, որ գրավոր ինքնակենսագրություն ուղարկած դիմորդները կարող են վիդեո հարցազրույցի հրավեր ստանալ նաև ընկերության կողմից և ցանկության դեպքում օգտվել այդ տարբերակից ևս։
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-