Ուրբաթ, 25 Մայիսի 2018 18:52
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ԵԶԲ ներկայացուցչության տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ԵԶԲ ներկայացուցչության տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:

 

Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին և հեռանկարներին, թե՛ մասնավոր հատվածում, և թե՛ պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում:

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է ընթացիկ արդյունավետ գործակցությունը Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:

Նախարար Ջանջուղազյանը ողջունել է մասնավոր հատվածում նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը:

 

Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից: Հայաստանի Հանրապետությունը Բանկին միացել է 2009թ.: Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը: