Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի հետ:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերը, երկար տարիների սերտ համագործակցությունը և հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը: Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է Յուլիա Ուստյուգովային, որ Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել ու առավել զարգացնել իր հարաբերությունները ԱՄՀ-ի հետ:
Շնորհավորելով Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է նրան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան հույս է հայտնել, որ նորանշանակ կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտնել էին ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունում, հիմնադրամը նպատակադրում է Հայաստանի տնտեսության ավելի բարձր և ավելի ներառական աճի խթանումը: «ԱՄՀ-ի օժանդակությամբ հնարավոր նոր ծրագիրը կօգնի կառավարությանը՝ իրագործելու միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալու Հայաստանի տեսլականը»,- մարտին նշել էր Արժույթի միջազգային հիմնադրանի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ «ԱՄՀ թիմը ողջունում է համապարփակ բարեփոխումների օրակարգ իրականացնելու կառավարության մտադրությունը, որին օժանդակում է 2017-22 թթ. զարգացման ծրագիրը /կառավարության 5-ամյա զարգացման ծրագիր-խմբ./:
Արդյո՞ք կվերանայվեն ԱՄՀ ծրագրային պլանները՝ կառավարության փոփոխության հետ կապված, չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) 1992թ. ապրիլի 28-ին` համաձայն «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով 2009թ. կնքված համաձայնագրով ԱՄՀ կողմից Stand-by Arrangement ծրագրի շրջանակներում տրամադրվել է 127,6 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ, իսկ հետագայում` «Երկարաժամկետ վարկային գործիքե (Extended Credit Facility (ECF)) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև 2010թ. և 2012թ. կնքված համաձայնագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է ընդհանուր 101.8 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ: Ներկայումս շարունակվում է արդյունավետ համագործակցությունը ԱՄՀ-ի հետ:
ԱՄՀ-ն ծրագրային աջակցություն է տրամադրել 2014 թ.-ից մինչեւ 2017 թվականը Հայաստանում «Երկարաժամկետ ֆինանսավորմանե (EFF) ծրագրի շրջանակներում: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանում «Երկարաժամկետ ֆինանսավորմանե ծրագրի իրականացման չորրորդ ամփոփիչ ստուգումները, որի արդյունքում հիմնադրամը հավանություն տվեց Հայաստանին 15.65 միլիոն SDR (21.24 մլն.դոլար) տրամադրմանը: Այսպիսով, ինչպես նշվում է ԱՄՀ զեկույցում, ֆինանսավորման ընդհանուր ծավալը հասցվել է 66,52 մլն. SDR-ի կամ մոտ 90,28 մլն դոլարի: