Երեքշաբթի, 29 Մայիսի 2018 12:32
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

Հայաստանում արտադրված «Խելացի Տուն» համակարգի առաջին խմբաքանակն արտահանվեց Եվրոպա ու Ռուսաստան

Արմինֆո. «Խելացի Տուն» համակարգի արտադրության վրա մասնագիտացված հայկական Heltun ընկերությունը Հայաստանում արտադրած իր առաջին արտադրանքն է արտահանել Եվրոպական Միության երկրներ և Ռուսաստանի Դաշնություն։

Համակարգի 1000 սարք վաճառվել է սկանդինավյան երկրների, Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի և ՌԴ-ի դիստրիբյուտորներին:

Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Աշոտ Մաշուրյանը նշում է, որ սարքավորումները «Made in Armenia» դրոշմը կրող եզակի hardware-ինժեներիայի արտադրանքներից են։ «Մենք կարող էինք կազմակերպել արտադրությունը ԵՄ-ում կամ Չինաստանում, սակայն մեզ համար կարևոր էր ստանալ սարքավորում, որի մասին հպարտորեն ասվեր՝ «Նախագծված ու արտադրված է Հայաստանում»։ Մեր երկիրն արդեն ունի որակյալ ծրագրեր արտադրողի համբավ։ Այժմ մենք ցույց ենք տալիս, որ մեզ մոտ կարելի է նաև որակյալ hardware-արտադրանք ստեղծել», - նշել է նա։

Heltun-ի արտահանած առաջին խմբաքանակում են խելացի թերմոստատներ, որոնք խնայում են բնակարանի կամ օֆիսի ջեռուցման և հովացման ժամանակ ծախսվող էլէներգիայի մինչև 50%-ը, և լուսավորությունը, պատուհանները, դռները, ժալյուզիները, փականները և բազմաթիվ այլ ֆունկցիաներ ղեկավարող սենսորային վահանակներ։ Ողջ համակարգը կառավարվում է նաև պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով։

«Մենք համոզված ենք, որ Heltun-ի արտադրանքը կգտնի իր սպառողներին Նորվեգիայում և կդրդի մյուս «Խելացի Տուն» արտադրողներին ստեղծել մարդկանց կյանքն ավելի հարմարավետ ու անվտանգ դարձնող նոր սարքավորումներ», - նշել է սկանդինավյան երկրներում արտադրանքի դիստրիբյուտոր՝ “Tronika AS” ընկերության տնօրեն Ս․ Վոտյուկը:

«Հայկական ընկերության արտադրանքը գրավեց մեզ իր գեղեցիկ դիզայնով, բարձր որակով ու մրցունակ գնով։ Heltun-ի սարքավորումների նախապատվության մեջ զգալի դեր են խաղացել նաև մտածված ինտերֆեյսն ու սարքավորումների մեծ ֆունկցիոնալությունը։ Մոտակա ժամանակաշրջանում ընկերությունը կարող է առաջատար դառնալ իր ոլորտում» - նշում է ՌԴ-ում ընկերության արտադրանքի դիստրիբյուտոր՝ “Умные Устройства” ընկերության տնօրեն Ս․ Պոլտորակը։

Ընկերությունն ունի ավելի քան 10 նախագծված սարք, որոնք պատրաստ են արտադրության։ Պլանավորված է հաջորդ տարի արտահանել 10․000 սարքավորումից բաղկացած խմբաքանակ, որի արտադրության համար ընկերությունն իր արտադրամասում աշխատողների թիվը կհասցնի 30-ի։ «Մենք համոզված ենք պահանջարկի աճի մեջ, ուստի արտադրության ծավալների մեծացման համար նոր ներդրումներ ու տեխնիկական մասնագետներ են պահանջվում», - նշում է Աշոտ Մաշուրյանը։

Խելացի Տունը օֆիսում կամ բնակարանում կատարվող առօրյա կենցաղային գործողությունների ավտոմատացման համակարգ է։ Այն ավտոմատ կերպով ղեկավարում է լուսավորումը, կլիման, դռներն ու պատուհանները, անվտանգության համակարգերը (օրինակ, ջրի արտահոսքը արձանագրող և կանխող տվիչները) հեռուստացույցն ու մյուս մուլտիմեդիա համակարգերը և բազում այլ սարքավորումներ։ Համակարգը մեկ ցանցում է միավորում ողջ տունը, իսկ արհեստական ինտելեկտն օգնում է ծրագրավորել այն տանտիրոջ պահանջներին համապատասխան։

Արդի համակարգերը ոչ միայն անվտանգ ու հարմարավետ կենցաղի երաշխիք են, այլ նաև օգնում են խնայել կոմունալ ծախսերը։

«Խելացի Տուն» համակարգերի գլոբալ շուկան գնահատվում է $24 մլրդ։ Կանխատեսումների համաձայն, 2022 թվականին այն կկազմի $53 մլրդ։