
Արմինֆո. Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Կենտրոնական բանկի կողմից կանխատեսվող գնաճի 4% (+/- 1.5) մակարդակն իրատեսական է: Այս մասին մայիսի 29-ին Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ գնաճի վրա էական ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսական արտադրությունը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, այդ թվում` արտաքին և տարածաշրջանային ռիսկերը, միջազգային գների միտումները և այլն: «Համադրելով այս ամենը, այսօրվա դրությամբ մենք գտնում ենք, որ գնաճը գտնվում է կանխատեսվող մակարդակում»,- ասել է Ա. Ջավադյանը:
Սակայն, ըստ նրա, ամբողջական պատկերն ավելի հասկանալի կլինի սեպտեմբերին, իսկ մինչ այդ, ամռանը, ինչպես միշտ, Հայաստանը կմտնի գնանկումային փուլ, կապված գյուղատնտեսական ապրանքների գների իջեցման հետ: Այս առումով Ա. Ջավադյանը հայտնել է դրական սպասումներ, կապված իրավիճակի հետ գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, բերքի ծավալի հետ, եթե չլինեն բնական աղետներ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ամռանն ակնկալվում է նաև զբոսաշրջության ոլորտի աճ, ինչը կհանգեցնի համախառն պահանջարկի և սպառման մակարդակի աճին: «Ես կարծում եմ, որ 2018-ի վերջին գնաճը կմոտենա թիրախային 4%-ին և կկայունանա տատանումների թույլատրելի միջակայքում», - ավելացրել է նա:
Ջավադյանը նշել է, որ ՀՀ Կենտրոնական բանկը կշարունակի վերաֆինանսավորման տոկոսադրույքի իրեցման իր քաղաքականությունը`6.25% -ից մինչև 6%, դրանով իսկ մեղմելով գնաճային միջավայրը: Այս առումով նա հիշեցրել է, որ 2017 թ. Հայաստանը եզրափակել է գնաճի 2.6% մակարդակում:
Ջավադյանը տեղեկացրել է, որ երկրորդ եռամսյակի գնաճի վերաբերյալ Կենտրոնական բանկի զեկույցը կհրապարակվի առաջիկա օրերին: