Երեքշաբթի, 29 Մայիսի 2018 20:41
Ալինա Հովհաննիսյան

Ջավադյան. 2015-2017 թվականներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը  հանգեցրեց վարկային տոկոսադրույքների մոտ 4% իջեցմանը

Ջավադյան. 2015-2017 թվականներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը  հանգեցրեց վարկային տոկոսադրույքների մոտ 4% իջեցմանը

Արմինֆո. 2015-2017 թվականներին ՀՀ Կենտրոնական բանկը 14 անգամ վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը (կրճատելով այն 10.5% -ից մինչև 6%. խմբ.), ինչը հանգեցրեց վարկավորման տոկոսադրույքերի 4% (մինչև 11%. խմբ.) իջեցմանը: Այս մասին մայիսի 29-ի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

 

«ԿԲ-ն 2015-ի կեսերից չի բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ մի շարք պատճառներով իջեցրել է, և մի քանի անգամ թողել նույն մակարդակում: Եվ դա տվեց տեսանելի արդյունքներ, մասնավորապես, վերջին մեկ տարում վարկային պորտֆելն աճեց  20%», - ասել է նա: Խոսելով ընթացիկ տարվա առաջին արդյունքների մասին, Ջավադյանը նշել է, որ առաջին եռամսյակում վարկավորման ծավալն աճել է 3.5%:

 

Ներկայումս վարկային պորտֆելը կազմում է 2,664 տրլն դրամ, որտեղ սպառողական վարկերը կազմել են 549 մլրդ դրամ կամ 21%, արդյունաբերական հատվածի  ֆինանսավորումը կազմել է 500 մլրդ դրամ (20%), տրանսպորտ, կապ և ՏՏ - 420 մլրդ դրամ (15%), հասարակական սնունդ և սպասարկում - 228 մլրդ դրամ (մոտ 10%), շինարարության ոլորտ - 150 մլրդ դրամ (6-7%), ագրոբիզնես - 130 մլրդ. դրամ (5%): «Հիփոթեքային պորտֆելը կազմել է 211 մլրդ դրամ: Սա շատ տպավորիչ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ մենք ընդամենը մի քանի տարի առաջ սկսեցինք հիփոթեքային վարկավորումը», - նշել է Ա. Ջավադյանը: Տնտեսության մյուս հատվածների մասնաբաժինը կազմել է մոտ 219 մլրդ. դրամ:

 

Միևնույն ժամանակ Ջավադյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին տարիներին նկատվում է վարկերի մարման ժամկետի երկարաձգման միտում, մասնավորապես, հիփոթեքային գործարքների գծով: «Հիփոթեքային վարկավորման գծով մենք ունենք վերաֆինանսավորված վարկեր, ընդ որում`մինչև 20 տարի մարման ժամկետով», - եզրափակել է նա: