Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 14:03
Նաիրա Բադալյան

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը վերահաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման պատրաստակամությունը

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը վերահաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման պատրաստակամությունը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր  ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, հիմնադրամի տեխնիկական գծով ղեկավար Փիթեր Քրիսթիանսենը և պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին՝ նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը՝ մասնավորապես կարևորելով փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների զարգացումը և շուկաների ու դրանց համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, անասնապահության զարգացմանը, տեղական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև  չմշակվող հողերի խնդրին: 

Նույֆել Թելահիգը վերահաստատել է պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում, որոնք համահունչ կլինեն ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: