Ուրբաթ, 1 Հունիսի 2018 14:23
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում մեկնարկում է սարքավորման լիզինգի նոր ծրագիր փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների համար

Հայաստանում մեկնարկում է սարքավորման լիզինգի նոր ծրագիր փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների համար

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին ընդունել է «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի նախագահ Արտավազդ Խաչատրյանին, տնօրեն Պողոս Գևորգյանին, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումը նպատակ ուներ լսել փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների կողմից բարձրացվող  հարցերը և քննարկել  նրանց մրցունակության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված  առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը,  այլ պատասխանատուներ։

 

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ներկաներին, որ մշակվել է լիզինգի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները շուտով հնարավորություն կունենան նաև ջերմոցներ հիմնել և  ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 %  լիզինգային տոկոսադրույքով։ Ծրագիրը նախատեսվում է  մեկնարկել կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո՝  հունիս-հուլիս ամիսներին։

 

Հանդիպման մասնակիցները մասնավորապես առաջ են քաշել բնական գազի դիմաց  տարաժամկետ վճարման,  լեռնային և նախալեռնային շրջաններում՝ պայմանավորված ջեռուցման առավել երկար ժամանակահատվածով  իջեցված սակագնի վճարման  ժամկետի երկարաձգման և այլ հարցեր։

 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հորդորել է մշակել առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել։