Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն վարկանիշների դեպարտամենտի տնօրեն Էրիկ Էրայսփի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, Էրիկ Էրայսփը տեղեկացրել է, որ գործակալության ներկայացուցիչների ամենամյա այցի նպատակն է երկրի վարկանիշի գնահատումը, որի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկրի տնտեսական կայունությանը, պարտքի կառավարելիությանը, հարկային բարեփոխումներին, ինչպես նաև հարկաբյուջետային կանոնների վերանայմանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները:
Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել համագործակցությունը Fitch Ratings-ի հետ և նշել, որ հայկական կողմը կարևորում է գործակալության կատարած աշխատանքը և Հայաստանին շնորհված վարկանիշը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Fitch Ratings-ը Երևան քաղաքի թողարկողի դեֆոլտի արտարժույթով (ԹԴԱ) և տեղական արժույթով երկարաժամկետ վարկանիշները վերահաստատել է «Բ +» մակարդակում, «Դրական» կանխատեսումով, ինչպես նաև արտարժույթով կարճաժամկետ ԹԴԱ վարկանիշը`«Բ» մակարդակում: Վարկանիշների վերահաստատումը հաշվի է առնում երկրի իշխանությունների տեղական և տարածաշրջանային մարմինների թույլ ինստիտուցիոնալ միջավայրը, քաղաքի ընդունելի բյուջետային ցուցանիշների համադրմամբ, որոնք աջակցվում են կառավարության կայուն տրանսֆերտներով: Վարկանիշներում հաշվի են առնվում նաև Երևանի մայրաքաղաքային կարգավիճակը և զրոյական պարտքը: «Դրական» կանխատեսումն արտացոլում է սուվերեն վարկանիշներով կանխատեսումը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |