Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 11:26
Ալեքսանդր Ավանեսով

Սիսիանում և Գորիսում երեք նոր ձեռնարկություն է բացվել

Սիսիանում և Գորիսում երեք նոր ձեռնարկություն է բացվել

Արմինֆո. Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 3 նոր ձեռնարկության բացումը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, բացման արարողությանը մասնակցեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: «Նորաբաց ձեռնարկությունների գործունեությունը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը: Իսկ Սյունիքի մարզն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ»,- ընդգծեց Մնացականյանը:

 

Գորիսում բացվեցին «Վան» և «Մեղու» հյուրանոցները, իսկ Սիսիանում՝ հուշանվերների արտադրություն, որին կից նաև գործելու է ֆիրմային խանութը: Բոլոր ձեռնարկությունների սեփականատերերը մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի՝ սկսնակ գործարարների աջակցության «Հաջող սկիզբ» դասընթացին: Դասընթացի ավարտին նրանք ՓՄՁ աջակցության տարեկան ծրագրի շրջանակում ստացել են վարկային երաշխավորություն, իսկ  «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում` ընդհանուր առմամբ 5 միլիոն դրամ դրամաշնորհ: Հյուրատներում ծրագրից ստացած վարկային երաշխավորության և դրամաշնորհի միջոցով կատարվել են վերանորոգման և կահավորման աշխատանքներ, իսկ հուշանվերների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը ձեռք է բերել հումք, կարի մեքենաներ և այլ հարակից սարքավորումներ և սկսել արտադրել Սյունիքին բնորոշ մոտիվներով հուշանվերներ:

 

Լևոն Մնացականյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ու նրա գործընկերների ներկայացուցիչներն այցելեցին նաև Գորիսում գործող հուշանվերների արտադրություն: Ռե-ռայզ ընկերության հիմնադիր Արամ Գասպարյանը նույնպես մասնակցել է սկսնակների դասընթացին, ստացել վարկային երաշխավորություն: Իսկ  «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում ստացած դրամաշնորհի միջոցով ձեռք է բերել նոր սարքավորումներ և սկսել է արտադրել տեղական մոտիվներով հուշանվերներ:

 

2016թ. դեկտեմբերին մեկնարկել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը: Այն համաֆինանսավորում են Եվրոպական Միությունը և ՀՀ կառավարությունը:  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է ծրագիրն իրականացնող կոնսորցիումը, որին մասնակցում են «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» ՀԿ-ները։  Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը: