Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 15:55
Նաիրա Բադալյան

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի. ՀՀ կառավարությունը կփորձի մեղել բացասական ազդեցությունը

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի. ՀՀ կառավարությունը կփորձի մեղել բացասական ազդեցությունը

Արմինֆո.. Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, չնայած հետաձգման մասին խոսակցություններին, կներդրվի հուլիսի 1-ից: Միևնույն ժամանակ, կվերանայվի ամսական վճարումների կարգը և չափերը: Այդ  մասին որոշումը, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, կընդունվի այսօր, հունիսի 11-ին, կառավարության նիստում:

 

Այնպես որ, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, բայց վերանայվում են ամսական վճարումները: Հաջորդ ամսից ամսական պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 2.5%-ը, նախորդ 5% փոխարեն: Իսկ համակարգի մասնակցի խնայողական հաշվին պետությունը կփոխանցի ևս 7.5%, բայց ոչ ավելի 37 500 հազ. դրամից, և ինքնազբաղվածների համար - 450 հազար դրամ, ավելի վաղ սահմանված`5%, 25 հազար դրամի և 300 հազար դրամի փոխարեն: «Պետությունը, ժամանակավորապես իր վրա է վերցնում որոշակի բեռ», - ասել է փոխնախարարը, նշելով, որ «այդ նախաձեռնությունը» բյուջեի վրա կնստի մոտ 14 մլրդ դրամ, գումարած 43 մլրդ դրամը, որն արդեն հաստատված է պետ​​բյուջեի կողմից 2018 թվականին:

 

Թամազյանը տեղեկացրել է, որ այդ որոշումը ժամանակավոր է, մինչև որ կառավարությունը կվերանայի եկամտահարկի դրույքաչափերը, որոնք պետք է նվազեն: Նշենք, որ նախատեսվում է եկամտահարկի դրույքաչափերը վերանայել,  23, 28 և 35% -ից համապատասխանաբար իջեցնելով  մինչև 20 և 25%: Դրանից հետո հնարավոր է, որ կառավարությունը վերադառնա կենսաթոշակային համակարգի պայմաններին:

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչպես նշում է Թամազյանը, դեռ կապացուցի իր արդյունավետությունը: «Անկախ ցանկացած քաղաքական ցնցումներից, երկրի քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն ֆինանսական համակարգի միջոցով կենսաթոշակներ ապահովել ծերության տարիքում», - նշել է նա: Ներկայումս, ​​աշխատող քաղաքացին, որն ստանում է 180 հազար դրամ, կենսաթոշակի անցնելուց հետո լավագույն դեպքում կարող է ստանալ 40-50 հազար դրամ: Այսպիսով, ինչպես նշել է նախարարի տեղակալը, տուժում է նրա կյանքի որակը: Իսկ կուտակային համակարգին անցնելու դեպքում քաղաքացիներն իրենց համար կապահովեն անհոգ ծերություն: Անկախ նրանից, թե որ տարիքում քաղաքացին կմիանա համակարգին, հեղինակները հավաստիացնում են, որ կենսաթոշակը կկազմի աշխատավարձի 40-70%-ը: Այստեղ պարտվողի դիրքերում են մնում մինչև 1974 թվականը ծնվածները: Իսկ նրանք, ովքեր կարողացել են համակարգին միանալ 25 տարեկան հասակում, իսկ 65-ում գնալ թոշակի, ունենալով անընդհատ աշխատանքային ստաժ, կարող են հավակնել ներկայիս աշխատավարձի 70%-ին:

 

Չի կարելի անտեսել նաև ժողովրդագրական ասպեկտները: Ներկայումս սոցիալական հարկտու / թոշակառուի հարաբերակցությունը կազմում է 0.9: Եթե ​​կյանքի միջին տևողությունը Հայաստանում ավելանա, ապա, ինչպես պարզաբանում է փորձագետը, կգա մի իրավիճակ, երբ նույնիսկ մեկ աշխատունակ քաղաքացին չի կարողանա պահել մեկ կենսաթոշակառուի: Այդ դեպքում ստիպված կլիենք բարձրացնել հարկերը, կենսաթոշակառուներին աջակցելու համար:

 

Ներկայումս համակարգի անդամ է 200 հազար մարդ: Հուլիսի 1-ից կմիանա ևս 50-60 հազար շահառու: Կառավարող ընկերություններում արդեն կուտակվել է 120 մլրդ դրամ, որի 70% -ը, որը ներդրվել է երկրի տնտեսությունում`պետական ​​պարտատոմսերում, հիփոթեքային պարտատոմսերում և բանկային պարտքային արժեթղթերում, ընդհանուր առմամբ, ուղղված լինելով ռիսկերի հեջավորմանը կենսաթոշակառուների համար: Այդ արժեթղթերի միջին եկամտաբերությունը 2017 թվականին կազմել է 12.8%:

 

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման հնարավոր հետաձգման մասին, հայտարարեց, որ անհրաժեշտ է հաշվարկել բոլոր ռիսկերը, խուսափելու համար անդառնալի հետևանքներից, հաշվի առնելով երկրի ազգային, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու շահերը: «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը Հայաստանում արդեն հատել է «անդառնալիության կետը»», - ասել է նա: Իսկ դրանից երկու օր առաջ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանի Թանդիլյանը նշել էր, որ պատրաստվում է համապատասխան օրինագիծ, պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու համար: