Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավարություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր երկրի էներգետիկ անվտանգության և սակագնային քաղաքականության վրա: Նիկոլ Փաշինյանն իտալական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է առաջիկայում ՀՀ կառավարության պատասխանատուների հետ անցկացնել ինտենսիվ քննարկումներ և հույս հայտնել, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ՝ ծրագրի իրականացման համար:
Նշենք, որ իտալական Ռենկո ընկերությունը Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը կներդնի $ 250 մլն.: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 25 ամսում: Ծրագիրը կստեղծի շուրջ 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո`200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Շինարարության ընթացքում կկիրառվեն լավագույն արդյունավետ տեխնոլոգիաներ իսկ օգտակար գործունեության գործակիցը կլինի 53%, մինչդեռ Հրազդանի էներգաբլոկում այս ցուցանիշը կազմում է 44%, Երևանի ՋԷԿ-ում`49%: Պետությունը պարտավոր է 20 տարվա ընթացքում գնել արտադրված ողջ էլեկտրաէներգիան 6 դրամով (առանց ԱԱՀ-ի): Մարտի 29-ին կայացած նիստում Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է Հրազդանի ՋԷԿ ՓԲԸ-ի վաճառքը «Տաշիր Կապիտալ» ընկերությանը: «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը հանդիսանում է ՀՐազդանի ՋԷԿ-ի 100% բաժնետերը, դիմել է ՀԾԿՀ-ին, իրեն պատկանող 100% բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ»-ին վաճառելու նպատակով: «Հրազդանի էներգետիկ կազմակերպության» գլխավոր տնօրեն, Վասիլ Խաչատրյանի խոսքերով, «Տաշիր» խումբը նախատեսում է շարունակել ընկերության արդիականացումը: «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը Հրազդանի ՋԷԿ-ը գնել էր 2015 թվականին, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունից: «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը» Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հինգ խոշոր ընկերություններից մեկն է և Հայաստանի էներգետիկ համակարգում կատարում է հավասարակշռիչ դեր, էլեկտրաէներգիա արտադրելով միայն ներքին շուկայում պակասի առաջացման դեպքում: