Արմինֆո. Հունիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, Վերներ Լիպակը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու առթիվ և ընդգծել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև շարունակական, արդյունավետ համագործակցության կարևորությունը:
ՀՀ ֆինանսների նախարարը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են պարտքի կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, ֆինանսական սեկտորի զարգացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, կրթության ոլորտներին ուղղված ֆինանսավորման և ներդրումային հնարավոր ծրագրերը, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը և կապահովեն տնտեսական վերադարձելիություն:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում 12% կամ 659.3 մլն ԱՄՆ դոլար կազմել են Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) վարկերը: 2017 թվականին ԱԶԲ-ից վարկային ռեսուրսների աճը կազմել է 28.8%: Նշենք, որ Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է Մանիլայում 1966 թվականին, աղքատության դեմ պայքարի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրման միջոցով տնտեսական աճի և կայուն զարգացման ապահովման նպատակով: Այսօր բանկն ունի 67 անդամ երկիր: Հայաստանը ԱԶԲ-ին միացել է 2005 թվականից և ընդգրկված է խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում: 2014-2018 թթ. ռազմավարության ծրագրով ԱԶԲ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել շուրջ 500 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն: Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների օժանդակմանը: